07.05.2022 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն, Հասարակություն, Մշակույթ
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
Այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ԵՊՀ-ի և ՀՀ ԿԳՄՍՆ կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի համատեղ կազմակերպած «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովը, որին մասնակցում էր Հայաստանի մարզերի և Երևանի դպրոցների ավելի քան 200 աշակերտ, որոնք հետազոտական աշխատանքը ներկայացնելուց հետո ստացան վկայականներ:

Աշխատաժողովի նպատակն էր խթանել դպրոցում հետազոտական աշխատանքների իրականացումը, նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բուհ-դպրոց համագործակցության ընդլայնմանը։

 

 

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Ողջունելով ներկաներին, ընդգծելով դպրոցների տնօրենների և մանկավարժների ունեցած ներդրումը աշխատաժողովի կայացման գործում, ԵՊՀ ռեկտորը նշեց. «Ուրախ եմ, որ աշակերտներն իրենք են ընտրել թեմաները և զարգացրել քննական-վերլուծական միտքը: Այն  մանկավարժները, որոնք խրախուսում են աշակերտների ազատ քննական միտքը, ունեն անգնահատելի ներդրում նրանց ապագայում: Այսօրվա աշխատաժողովը ևս մեկ հնարավորություն է՝ ներկայացնելու աշակերտների մտքի թռիչքը, ինչպես նաև առիթ է՝ ցույց տալու, որ նրանք ընդունում են առողջ քննադատությունը»:

 

 

Կարևորելով դպրոց-բուհ կապի ամրապնդումն ու այդ նախաձեռնությունում ԵՊՀ-ի դերը՝ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշեց. «Կարևոր է ընդգծել՝ կրթությունը չի ավարտվում դպրոցով, այլ այն շարունակվում է ողջ կյանքի ընթացքում: Ես վստահ եմ,  որ այս աշխատաժողովի կազմակերպումը թույլ է տալու նաև ամբողջացնել աշակերտների՝ մասնագիտական կողմնորոշման պատկերացումները: Այսօր աշակերտները, ներկայացնելով իրենց  նախագծերը, նպաստում են նախագծային ուսուցման ամբողջական ձևավորմանը, ինչը մենք փորձում ենք հանրակրթության պետական նոր չափորոշիչով պարտադիր դարձնել: Մեր նպատակն է այսպիսի աշխատաժողովները պարբերական դարձնելը»:

 

 

ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտությունների վարչության պետ Լիլիթ Մկրտչյանն ընդգծեց, «Պատահական չէ, որ աշխատաժողովի կազմակերպման ժամանակ գործընկեր ընտրեցինք ԵՊՀ-ին: Մայր բուհը ոչ միայն սովորելու, այլև գաղափարներ արարելու միջավայր է: Եղել են դեպքեր, երբ մեկ աշակերտի հետ աշխատել են անգամ 2-3 ուսուցիչ՝ ստեղծելով միջառարկայական կապերի փայլուն օրինակներ: Կարևոր է այն, թե ինչպես են խնդրի շուրջ համախմբվել ուսուցիչն ու աշակերտը և հետազոտություն կատարել»:

 

 

Աշխատաժողովի համակազմակերպիչ, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Մերի Փանոսյանը, անդրադառնալով աշխատաժողովին կառույցի ունեցած դերին, ընդգծեց. «Աշխատաժողովի նպատակներից է աշակերտներին ընձեռել հարթակ, որտեղ նրանք կկարողանան կիսվել իրենց հետազոտական աշխատանքների արդյուքներով: ԵՊՀ-ում այդ հարթակներից է ՈՒԳԸ-ն: Այսօր ՈՒԳԸ-ականները, փոխանակելով իրենց՝ որպես երիտասարդ հետազոտողների փորձը, լավագույնս օրինակ են ծառայում աշակերտներին: Նրանց համար դա սովորելու և առաջընթաց գրանցելու հավելյալ մոտիվացիա է»:

 

 

Աշխատաժողովի լիագումար նիստի ավարտից հետո ԵՊՀ ՈՒԳԸ ֆակուլտետային նախագահներն ու անդամներն աշակերտներին ուղեկցեցին համապատասխան լսարաններ:

 

Երևանի «Ուսում» մասնավոր դպրոցի ուսուցիչ Արգամ Համբարձումյանը, անդրադառնալով աշակերտների՝ աշխատաժողովին մասնակցելու կարևորությանը, նշեց. «Մասնակիցների մեծամասնությունը ավագ դպրոցի աշակերտներից է: Ընտրելով հետազոտության թեմա՝ նրանք արդեն իսկ նախագծում են իրենց ապագա ուղին: Մասնակիցներից շատերին ոգևորում է այն, որ այս տարիքում արդեն իսկ կարող են ունենալ տպագրված հոդված: Մյուս կողմից սա մեծ հնարավորություն է, որ մարզերի և մայրաքաղաքի դպրոցների աշակերտները ձեռք բերեն նոր ընկերներ, որոնց, հնարավոր է, հետագայում հանդիպեն համալսարանում»:

 

 

ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Ռ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներ Հասմիկ Խաչատրյանի և Վահե Գրիգորյանի խոսքով՝ աշխատաժողովին մասնակցելու նպատակով ԵՊՀ այցելելը չափազանց ոգևորիչ է: Վ. Գրիգորյանը մասնավորապես ասաց. «Սա մեզ համար բացահայտում էր: Եթե կարողանանք լավագույնս ներկայանալ, մեզ համար նոր բարձունք կլինի»:

 

 

Հետազոտական աշխատանքները ներկայացնելուց հետո աշակերտներին հանձնվեցին վկայականներ:

 

 

Աշխատաժողովի ավարտին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները հանդես եկան պարային և երաժշտական համարներով:

 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «POLYCHAR 28» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ
«PolyChar 28» միջազգային ամենամյա կոնֆերանսին աշխարհի տարբեր ծայրերից մասնակցում են ոլորտի առաջատար գիտնականներ՝ պոլիմերների սինթեզման ու բնութագրման մեջ ժամանակակից միտումներին ծանոթանալու նպատակով:
«ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՐԵՆՈՒ ՊՏՈՒՂՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ C ՎԻՏԱՄԻՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿ»․ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ՀԱՅ ԲՈՒՅՍ» 8-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի աշխատակիցներն ու բակալավրիատի ուսանողները մասնակցել են Տավուշի մարզի Ենոքավան գյուղում անցկացված «Հայ բույս 2022» 8-րդ փառատոնին՝ ներկայացնելով թեյեր, բուսական կոսմետիկա և բույսերից պատրաստված տիկնիկներ: