26.09.2022 | 
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ
Հարգելի՛ ուսանողներ,

տեղեկացնում ենք, որ մեկնարկել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթը, որի նպատակն է խրախուսել ՀՀ բուհերի՝ բարձր առաջադիմություն ունեցող և գիտահետազոտական, ստեղծագործական, ուսանողական ինքնակառավարման և սպորտի ասպարեզներում ակտիվ գործունեություն ծավալող ուսանողներին։

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ ներբուհական և միջբուհական (հանրապետական), բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով` ըստ հետևյալ ոլորտների.

 

1) բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ),

2) բժշկություն,

3) հումանիտար գիտություններ,

4) հասարակագիտություն,

5) ճարտարագիտություն (այդ թվում` ճարտարապետական/ գյուղատնտեսական),

6) մշակույթ-սպորտ.

7) հայագիտություն:     

 

Մրցույթի առաջին՝ ներբուհական փուլի կազմակերպման նպատակով, ԵՊՀ ռեկտորի հրամանի համաձայն, ստեղծվել է համապատասխան հանձնաժողով՝ ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի գլխավորությամբ, վարչական և դասախոսական կազմի ու ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ:

 

Մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրիատի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կիսամյակն ավարտած ուսանողները: ԵՊՀ-ի ներբուհական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը և կցել անհրաժեշտ փաստաթղթերը՝

 

-         առաջադիմության թերթիկ (ՄՈԳ),

-         հրապարակումների ցուցակ (հաստատված դեկանի և պրոռեկտորի ստորագրությամբ),

-         գիտական աշխատանքներ կատարելու ունակությունը հաստատող այլ փաստաթղթեր,

-         հասարակական ակտիվությունը հաստատող փաստաթղթեր (տեղեկանքներ, բնութագրեր),

-         քաղվածք գիտխորհրդի նիստի արձանագրությունից (մրցույթին առաջադրելու մասին),

-         բնութագիր (բնութագրեր),

-         ստեղծագործական մրցույթների, օլիմպիադաների մասնակցությունը հավաստող փաստաթղթեր,

-         այլ փաստաթղթեր։

 

Լրացված դիմում-հայտը պահանջվող փաստաթղթերի հետ միասին մինչև 2022 թ․-ի հոկտեմբերի 7-ը՝ ժամը 16:00-ն, անհրաժեշտ է ներկայացնել ԵՊՀ ընդհանուր բաժին (կենտրոնական մասնաշենք՝ 2-րդ հարկ՝ 207 սենյակ):