25.09.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ն 6-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ՝ ԱՅՍ ՏԱՐԻ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻ ԿՈՉՈՒՄԸ ԿԻՍԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
ԵՊՀ-Ն 6-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ՝ ԱՅՍ ՏԱՐԻ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻ ԿՈՉՈՒՄԸ ԿԻՍԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ նախաձեռնությամբ իրականացվող քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղի եզրափակչում ԵՊՀ-ի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանների թիմերը ճանաչվել են հաղթողներ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ տեղի է ունեցել 2016 թ. ի վեր անընդմեջ անցկացվող քրեաիրավական և քրեադատավարական հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղի բանավոր փուլը, որի արդյունքների հիման վրա այսօր եզրափակչում հանդիպեցին «ԵՊՀ-2» և Հայաստանում Ֆրանսիական համալսարանը ներկայացնող «De Facto Force» թիմերը։

 

Վիճակահանության համաձայն՝ եզրափակիչ դատախաղում «ԵՊՀ-2» թիմը հանդես եկավ որպես պաշտպանական կողմ, իսկ «De Facto Force»-ն՝ մեղադրանքի։ Խաղի ընթացքում կողմերը տրված հիպոթետիկ գործի վերաբերյալ հանդես եկան ելույթներով, միջնորդություններով, մեղադրական և պաշտպանական դիրքորոշումներով ու ռեպլիկներով։ Բացի դրանից՝ եզրափակչի մասնակիցները պատասխանեցին գործի վերաբերյալ հնչեցված հարցերին։

 

 

Մրցույթի ժյուրին, որի կազմում էին ՀՀ Վերաքննիչ դատարանի քրեական պալատի դատավոր Վազգեն Ռշտունին, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հովսեփ Սարգսյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը և Դյուսելդորֆի գերագույն երկրամասային դատարանի դատավոր Առնդ Վայսհաուփթը, երկար քննարկումներից հետո որոշեց լավագույնի կոչումը շնորհել երկու թիմերին՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ:

 

«ԵՊՀ-2» թիմը, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարաբյանի մարզչական ղեկավարությամբ, ներկայացրել են Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներ Խալուհի Մովսիսյանը, Մանե Սաֆարյանը և բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Սերյոժա Դավթյանը։

 

 

Դատախաղ-մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշեց, որ ավանդաբար կազմակերպվող միջոցառումը Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համագործակցության լավագույն օրինակներից մեկն է, որը մեծ մասսայականություն է վայելում հայաստանյան բուհերի շրջանում:

 

Նրա խոսքով, պատահական չէ, որ անկախ իրավիճակից՝ հայաստանյան շատ բուհերի ներկայացուցիչներ մասնակցում են այս դատախաղին, որը տալիս է լուրջ փորձառություն, նոր գիտելիքներ ու գործնական հմտություններ, և որի արդյունքում ձևավորվում են փոխադարձ կապեր տարբեր բուհերի ուսանողների միջև:

Գագիկ Ղազինյանը շնորհակալություն հայտնեց ժյուրիի անդամներին ահռելի աշխատանքի համար՝ փաստելով, որ նրանք յուրաքանչյուր խաղին հետևել են ամենայն պատասխանատվությամբ:

 

 

ՀՀ Վերաքննիչ դատարանի քրեական պալատի դատավոր Վազգեն Ռշտունին, որը ժյուրիի նախագահն էր, ասաց, որ երկօրյա միջոցառումն արդյունավետ էր ոչ միայն երիտասարդների հետ շփվելու տեսանկյունից, այլև մասնագիտական, քանի որ շատ հարցեր մտածելու, քննարկելու առիթներ են տվել: Նա կարևորեց հանգամանքը, որ թիմերի ներկայացուցիչների միջև մրցակցությունը դրսևորվել է միայն խաղերի ժամանակ, իսկ դրանցից դուրս ձևավորվել են բարիդրացիական հարաբերություններ:

Վազգեն Ռշտունին նշեց, որ և՛ երեկ, և՛ այսօր որոշումները դժվարությամբ են կայացվել, քանի որ բոլոր թիմերն էլ ունեին արժանիքներ, հետաքրքիր մոտեցումներ և յուրահատուկ դիրքորոշումներ:

 

Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի, Հարավարևելյան Եվրոպայի ծրագրերի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդը, որն իր համերկրացի գործընկերների հետ միջոցառմանը հետևում էր առցանց, հույս հայտնեց, որ բոլոր թիմերը շատ հարուստ փորձ ձեռք բերեցին դատախաղի արդյունքում, և ցանկացավ, որ մասնակից ուսանողները ստացած գիտելիքներով հետագայում օգտակար լինեն իրենց պետությանը: Նրա խոսքով, ապագան երիտասարդների ձեռքերում է, իսկ միջոցառումն էլ փաստեց, որ ճիշտ ձեռքերում է. «Այստեղից բոլորդ հաղթանակած եք վերադառնում տուն»:

 

 

Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս միջբուհական դատախաղ-մրցույթի մասնակից թիմերի անդամներին հանձնվել են պատվոգրեր, որոնք սահմանվել են Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և ԵՊՀ-ի կողմից: Բացի դրանից՝ մրցույթի մասնակիցների համար սահմանվել էին մրցանակներ նաև դատախաղի կազմակերպիչների, ՀՀ տարբեր կառույցների և պաշտոնատար անձանց կողմից:

 

 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Գրավոր փուլում լավագույն պաշտպանական դիրքորոշում հայտնած թիմ» մրցանակը հանձնեց «ԵՊՀ-2» թիմին: Նա փաստեց, որ իրավական հանրության շրջանում մեծ մասսայականություն վայելող դատախաղ-մրցույթը հեղինակավոր է, քանի որ սա այն առաջին հնարավորությունն է, որը տրվում է ուսանողներին՝ պատկերացում կազմելու իրական գործնական կյանքի վերաբերյալ, կիրառելու բուհում ստացած տեսական գիտելիքները, շփվելու և նոր գիտելիքներ ստանալու ոլորտի առաջատար մասնագետներից:

 

 

Արման Թաթոյանը ողջունեց մասնակից բոլոր թիմերին՝ հատկապես նշանավորելով Արցախի պետական համալսարանը ներկայացնող թիմի մասնակցությունը. «Մենք մեծ հպարտություն ենք ապրում, հուզվում: Դուք այն ուժեղ ուսանողներն եք, որ հետագայում համալրելու եք մասնագիտական մեր համայնքը»:

 

 

«Գրավոր փուլում լավագույն մեղադրական դիրքորոշում հայտնած թիմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի թիմը, որի մրցանակը հանձնեց Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Դեկանն այս անվանակարգում հաղթողներին հանձնեց նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ, Ֆրիդրիխ-Ալեքսանդր Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի միջազգային քրեական իրավունքի ինստիտուտի պրոֆեսոր Գուրգեն Պետրոսյանի «Միջազգային քրեական իրավունք» գիրքը և գիտական հոդվածների ժողովածու:

 

«Լավագույն հռետոր» անվանակարգում լավագույնը ճանաչվեց Արցախի պետական համալսարանի թիմի ներկայացուցիչ Արաքսյա Հայրապետյանը:

 

 

«Լավագույն պաշտպանական ճառ» անվանակարգում հաղթեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմի անդամ Սերոբ Ազատյանը, իսկ «Լավագույն մեղադրական ճառ» անվանակարգում՝ «ՀՌՀ» թիմի անդամ Սոնա Ամիրյանը:

 

ՀՀ դատավորների միության կողմից սահմանված «ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումների նշանակության կարևորման և լավագույնս կիրառման համար» անվանակարգում լավագույնը ճանաչվեց  ՀՖՀՀ «De Facto Force» թիմը:

 

 

ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն էլ Երևանի պետական համալսարանի կողմից սահմանված «Հաղթող թիմի մարզիչ» մրցանակը հանձնեց հաղթող ճանաչված երկու թիմերի մարզիչներին: Արթուր Իսրայելյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց գերմանացի գործընկերներին և Իրավագիտության ֆակուլտետին՝ փաստելով, որ կայացած միջոցառումը լավագույնս արտացոլում է համագործակցության արդյունավետությունը և բարձր մակարդակը:

 

Եվ քանի որ առաջին անգամ աննախադեպ որոշմամբ հաղթող թիմերը երկուսն էին, ըստ այդմ՝ նաև լավագույն մարզիչները, Արթուր Իսրայելյանը ՀՖՀՀ «De Facto Force» թիմի մարզչին՝ Լիլիթ Գրիգորյանին, հանձնեց նախատեսված մրցանակը, իսկ «ԵՊՀ-2» թիմի մարզիչ Սերգեյ Մարաբյանին՝ երկու հոգու համար նախատեսված մեկօրյա ուղեգիր դեպի Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազա:

 

 

Կազմակերպիչների որոշմամբ, դատախաղ-մրցույթի գավաթն իրենց հետ տարան  ՀՖՀՀ «De Facto Force» թիմի անդամները, իսկ հաղթողի կոչման հավաստագիրը՝ «ԵՊՀ-2» թիմի ներկայացուցիչները՝ պայմանով, որ առաջիկայում կպատրաստվեն և նրանց կփոխանցվեն մյուս պարգևները:

 

Դատախաղ-մրցույթի պարգևատրման արարողության ավարտին ելույթներ ունեցան նաև ժյուրիի անդամ, Դյուսելդորֆի գերագույն երկրամասային դատարանի դատավոր Առնդ Վայսհաուփթը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի  (IRZ) հայաստանյան ծրագրերի մենեջեր Ամալիա Վուքերթը՝ փաստելով, որ այս տարի ևս դատախաղ-մրցույթը կազմակերպված էր բարձր մակարդակով և անցավ հետաքրքիր ու արդյունավետ:

 

 

Միջոցառման ավարտին մեզ հետ զրույցում Հայաստանում Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, դեկանի տեղակալ Աննա Մարգարյանը նշեցին երկու կառույցների միջև արդյունավետ համագործակցության կայացման և այն խորացնելու պատրաստակամության մասին, ինչպես նաև հույս հայտնեցին՝ հանդիպելու արդեն մեկ տարի անց 7-րդ անգամ անցկացվելիք դատախաղ-մրցույթի շրջանակում:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նախաձեռնությամբ ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ արդեն ավանդական դարձած հանդիպումը:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ՎԱՐԴԱՆ ԱՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Վարդան Ամալյանի անվան կրթաթոշակի համար հայտարարված մրցույթի արդյունքների ամփոփման արարողությունը: