23.08.2022 | 
Կրթություն, Գիտություն, Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ECER 2022 ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ECER 2022 ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ հանդիսությունների դահլիճում կայացած հանդիսավոր միջոցառմամբ տրվեց 40 բաժանմունքներում աշխատաժողովների, պլենար քննարկումների, միջսերնդային հանդիպումների, հաղորդակցական ու սոցիալական կապերի հաստատման փակ նախաձեռնությունների մեկնարկը։

ECER 2022 համաժողովի բացման հանդիսավոր արարողության ընթացքում ելույթ ունեցան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, EERA-ի նախագահ Ջո Օ’Հարան, ECER 2022 համաժողովի աշխատանքային խմբի ղեկավար, մ.գ.դ., պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը, EERA-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա Ալեքսանյանը:

 

 

Կարևորելով «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա» խորագրով համաժողովի դերը՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն առանձնացրեց մի քանի կարևոր փաստ՝ կապված համաժողովի հետ: ԵՊՀ ռեկտորն առաջին հերթին կարևոր համարեց այն, որ COVID-19-ից հետո համաժողովն առաջին անգամ անցկացվում է Հայաստանում:

 

«Որպես երկրորդ և հետաքրքիր փաստ կարող եմ նշել, որ այս տարի սեպտեմբերի 1-ից 10-ը կկազմակերպվի առաջին հիբրիդային ECER-ը` ներգրավելով առցանց մասնակցությամբ ավելի քան 750 հետազոտողների՝ ամբողջ աշխարհից: Երրորդ և ամենակարևոր փաստն այն է, որ այս տարի ECER-ը նշում է իր հոբելյանական 30-ամյակը (ECER-ը կազմավորվել է 1992 թվականին)»,- հավելեց Հ. Հովհաննիսյանը:

 

 

Խոսելով ECER-ի՝ կրթական ոլորտում ունեցած մեծ ազդեցությունից՝ ԵՊՀ ռեկտորը նշեց, որ այն հնարավորություն է ընձեռում միջազգային մակարդակով ներկայացնելու հետազոտական արդյունքներն ու կրթական գործունեությունը՝ ստեղծելով կամուրջ ապագա համագործակցությունների համար:

 

«Մենք մեծ պատասխանատվություն ենք ստանձնել այս համաժողովը միջազգային չափանիշներին համապատասխան կազմակերպելու համար։ Կարևոր է նմանօրինակ համաժողովների անցկացումը մեր երկրում։ Ուրախ եմ տեղեկացնել, որ Հայաստանի գրեթե բոլոր ուսումնական հաստատությունները մասնակցում են համաժողովին»,- իր խոսքում ընդգծեց Հ. Հովհաննիսյանը։

 

Ամփոփելով խոսքը՝ Հ. Հովհաննիսյանը ECER 2022-ի կազմակերպման գործում կարևորեց Երևանի պետական համալսարանի և EERA-ի արդյունավետ համագործակցությունը:

 

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, անդրադառնալով որակյալ և ժամանակի պահանջներին համապատասխան կրթություն ստանալու կարևորությանը, ասաց, որ Հայաստանի Հանրապետությունն առանձնահատուկ կարևորում է համապատասխան գիտելիքով և ստեղծարարությամբ օժտված անհատին:

 

«Մարդկային կապիտալի զարգացման մեջ շոշափելի ներդրումներ կատարելու միջոցով է հաղթահարվում սոցիալական բևեռացումը, կանխվում ժողովրդավարական զարգացումների վտանգները, լուծվում կրթության ճգնաժամի հիմնախնդիրը: Հենց այս սկզբունքն է դարձել մեր երկրում կրթական համակարգի բարեփոխումների հիմքը»,- փաստեց նախարարը:

 

 

 

Խոսելով կրթության ոլորտի հետ կապված նպատակներից՝ Վ. Դումանյանը մատնանշեց մի քանիսը՝ կրթության ու գիտության միջազգայնացում, Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին և Եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրում, գիտություն և տնտեսություն փոխկապակցվածության ապահովում, ինչպես նաև կրթություն-գիտահետազոտական աշխատանք-նորարարություն համակարգի արդյունավետ փոխգործակցության ամրապնդում:

 

Մաղթելով արդյունավետ աշխատանք և նորարարական գաղափարներ՝ նախարարն ամփոփեց իր խոսքը. «Գաղտնիք չէ, որ կրթությունն է պետության կայացման ու զորացման հիմքը, քաղաքացու և անհատի ձևավորման կարևոր նախապայմանը և կյանքում կայանալու միակ ու անձեռնմխելի կապիտալը: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նոր համագործակցությունների»:

 

 

ECER 2022 համաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Նազիկ Հարությունյանը, խոսելով համաժողովի նշանակությունից, ընդգծեց, որ դրա շրջանակում ի հայտ կգան նոր մոտեցումներ ու առաջադեմ գաղափարներ, որոնք էլ կնպաստեն կրթության զարգացմանը: 

 

«ՀՀ-ում կրթության բարելավման, այն միջազգային կրթական չափանիշներին համապատասխանեցնելու և ավելի մրցունակ ու գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ է ներգրավված լինել նմանատիպ համաժողովներում»,- ընդգծեց Ն. Հարությունյանը։

 

 

Մատնանշելով կրթության էական դերը պետությունների կայացման ու զարգացման գործում՝ ԵՊՀ պրոֆեսորը վկայակոչեց հայտնի միտքն առ այն, որ աշխարհը փոխում են մարդիկ, իսկ մարդկանց փոխում է կրթությունը:

 

«Այս կոնֆերանսը հիանալի հարթակ է աշխարհի շուրջ 55 երկրների ներկայացուցիչների համար՝ առերեսվելու կրթական ոլորտում առկա հիմնախնդիրներին»,- իր խոսքը եզրափակեց ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրենը:

 

EERA-ի նախագահ Ջո Օ’Հարան, խոսելով Հայաստանում, մասնավորապես Երևանի պետական համալսարանում համաժողովի անցկացման մասին, մեզ հետ զրույցում նշեց, որ Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիան նպատակային է համարում բարձրագույն ուսումնական հաստատություններում համաժողովի անցկացումը, քանի որ դեռևս բուհից է ձևավորվում կրթական հետազոտական հանրույթ, ինչը կենսական նշանակություն ունի:

 

 

«EERA-ի համար կարևոր է լինել Երևանի պետական համալսարանի նման կրթական հաստատությունում, քանի որ մենք նպատակ ունենք սովորելու ձեզանից, հասկանալու, թե ինչ տրամաբանությամբ է գործում հայկական կրթական համակարգը և դիտարկելու դա եվրոպական տեսանկյունից: Կարող ենք ասել, որ սա երկխոսություն է EERA-ի 42 ասոցիացիաների և հայկական հետազոտական համայնքի միջև: Մենք ստեղծում ենք նոր գաղափարներ և մարտահրավերներին դիմակայելու նոր ուղիներ»,- հավելեց EERA-ի նախագահը:

 

EERA-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա Ալեքսանյանը, ընդգծելով համաժողովի կարևորությունը, նշեց, որ դրան մասնակցում են ասոցիացիայի անդամ և ոչ անդամ երկրների կրթության ոլորտի հետազոտողներ ու գիտնականներ։

 

 

«ECER-ը մեծ ազդեցություն ունի կրթության ոլորտում։ Այն նաև նշանակալի դեր ունի տնտեսական, սոցիալ-կենցաղային, ինչպես նաև մշակութային առումներով»:

 

Հիշեցնենք, որ երեկ տեղի էր ունեցել ECER 2022-ի՝ սկսնակ հետազոտողների գիտաժողովի բացման արարողությունը։

 

ECER 2022 համաժողովի շրջանակում ԵՊՀ-ում են կենտրոնացվել աշխարհի տարբեր երկրների առաջատար հետազոտությունների արդյունքները, որոնք կներկայացվեն և կքննարկվեն ինչպես կրթության ոլորտի աշխարհահռչակ հետազոտողների, այնպես էլ երիտասարդ ու սկսնակ հետազոտողների կողմից

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «MINERVA» ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի է ունեցել «MINERVA» (Strenghening Research Management and Open Science Capacities of HEIs in Moldova and Armenia) ծրագրի ամփոփիչ կոնֆերանսը, որին մասնակցում էր ԵՊՀ պատվիրակությունը:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում Տվենտեի համալսարանի պրոֆեսոր, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար Ալեքսանդր Գոլուբովն անցկացրեց «Քվանտային տոպոլոգիայի ֆենոմենը գերհաղորդական համակարգում» թեմայով սեմինար: