09.06.2022 | 
Ուսանողական, Կրթություն
ԵՊՀ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԵՆԵՐԳՉՈՒՀԻՆ ԼԱՏՎԻԱՅԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՂԹԱՆԱԿԱԾ
ԵՊՀ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԵՆԵՐԳՉՈՒՀԻՆ ԼԱՏՎԻԱՅԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՂԹԱՆԱԿԱԾ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը և կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը «Riga Symphony» մրցույթի շրջանակում այցելեցին Լատվիա: Մրցույթի ավարտին Մարիցա Թիլիքյանն արժանացավ ոսկե մեդալի և «Root of talent» մրցանակի:

Երիտասարդ վոկալիստների եվրոպական մրցույթին Կ. Դավթյանը հրավիրված էր որպես միջազգային ժյուրիի անդամ, իսկ կենտրոնի մեներգչուհի, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ Մ. Թիլիքյանը՝ որպես մասնակից:

 

Այս հաղթանակը վկայում է մեծ տաղանդի, վոկալային բարձր տվյալների, դերասանական վարպետության, կատարողական արվեստի բարձր մակարդակի մասին, որը, ինչպես նշեց Կ. Դավթյանը, տարիների աշխատանքի արդյունք է:

 

«Մարիցան առաջին կուրսից եղել է կենտրոնի երգչախմբի անդամ, կարող ենք ասել՝ գիտելիքների հիմքը ստացել է հենց ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում: Թատրոնում նա սովորել է դերասանի վարպետություն, ստացել բեմական խոսքի կրթություն: Համալսարանն ավարտելուց հետո էլ շարունակում է այցելել կենտրոն»,- ընդգծեց Կ. Դավթյանը:

 

 

Կ. Դավթյանի խոսքով՝ իր բեմադրած ելույթը հզոր տպավորություն էր թողել բոլորի վրա: Ելույթից հետո տարբեր մրցույթների ու միջոցառումների մասնակցության հրավերներ ստացան, այդ թվում՝ բացօթյա համերգի հրավեր, որի ընթացքում Մարիցան հայերենով երգեց «Հայաստան» երգը:

 

«Երգում էին մոտավորապես 25 մասնակից՝ աշխարհի տարբեր երկրներից, բայց Մարիցայի երգից հետո բազմաթիվ մարդիկ մոտեցան ու սկսեցին հարցնել, թե ինչի մասին էր երգը, որ այդպիսի ազդեցություն թողեց իրենց վրա»,- մեզ հետ զրույցում ասաց Կ. Դավթյանը:

 

 

Ամփոփելով իր խոսքը՝ տիկին Դավթյանը նշեց. «Գրանցվել են բավականին լուրջ արդյունքներ, որոնք ցույց են տալիս՝ Հայաստանում կատարած աշխատանքները աշխարհի մակարդակով ինչ որակ ունեն և ինչ ազդեցություն կարող են թողնել օտարազգի մարդկանց վրա: Մրցանակակիր Մ. Թիլիքյանն էլ միշտ ասում է, որ իր հիմնարար կրթությունն ստացել է ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում»:

 

Նշենք, որ մրցույթի շրջանակում Կարինե Դավթյանը քսան երկրից եկած տարբեր մասնակիցների համար անցկացրել է «Շնչառական տեխնիկան՝ որպես վոկալի հիմնարար տարր» վերնագրով վարպետության դաս, որը մեծ արձագանք է գտել աշխարհի տարբեր երկրների վոկալի դպրոցների ներկայացուցիչների՝ մասնակիցների և ուսուցիչների կողմից:

 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՄԱՆՐԷՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հաղթող ճանաչված թիմերն ստացան դրամական պարգևներ, իսկ մյուս թիմերին ժյուրին առաջարկեց շարունակել զարգացնել ներկայացված գաղափարները, քանի որ դրանք չափազանց արդիական են և կարող են նպաստել կենսաբանության, հատկապես մանրէաբանության ոլորտի առաջընթացին։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագրի շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ այցելեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի տնօրենի տեղակալ Մաթիաս Հեսպեն՝ հետագա համագործակցությունների հեռանկարները, ինչպես նաև վերոնշյալ կրթական ծրագրի ուսանողներից երկուսին կրթաթոշակ տրամադրելու հարցը քննարկելու։