19.10.2022 | 
Կրթություն, Մշակույթ
ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆԻ 85-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆԻ 85-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ և դերասան Ալբերտ Մկրտչյանի 85-ամյակին: Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցության շրջանակում ցուցադրվեց անվանի ռեժիսորի «Ուրախ ավտոբուս» ֆիլմը:

Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությունը սկսվել է դեռևս 2010 թվականից: Նրա խոսքով՝ Երևանի պետական համալսարանն այն վայրն է, որտեղ ուսանողները, մասնագիտական գիտելիքներ ստանալուց զատ, հնարավորություն են ունենում ճանաչելու ազգի երախտավորներին ու նրանց աշխատանքը:

 

 

«Յուրաքանչյուր մարդ պետք է ճանաչի իր ազգի մեծերին՝ գրողներին, ռեժիսորներին, դերասաններին, առհասարակ արվեստի ու գիտության ներկայացուցիչներին՝ ձևավորելով մտահորիզոն, ճաշակ և վերաբերմունք երկրի, մարդկանց ու սեփական մասնագիտության վերաբերյալ»,- նշեց Կարինե Դավթյանը:

 

Կ․ Դավթյանն ընդգծեց, որ ֆիլմի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ «Ուրախ ավտոբուսը» Ալբերտ Մկրտչյանի վերջին ֆիլմն է և համեմատաբար քիչ է ցուցադրվել:

 

Հանդիպում-քննարկմանը ներկա էր նաև Ալբերտ Մկրտչյանի որդին՝ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը, որը պատասխանեց ներկաների հարցերին, պատմեց հուշեր ու հետաքրքիր պատմություններ:

 

 

 

«Կարծում եմ՝ շատ կարևոր է այն միջոցառումների կազմակերպումը, որոնց շնորհիվ երիտասարդները ծանոթանում են մեր մեծերի ստեղծագործություններին։ Այսպիսի հանդիպումների շնորհիվ նրանք խորությամբ են ընկալում մեր մեծերի աշխատանքը»,- ասաց կինոռեժիսորը:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի մարքեթինգի պատասխանատու Ռուզաննա Ալեքսանյանը ներկաներին պատմեց Ալբերտ Մկրտչյանի ստեղծագործական ուղու, ձեռքբերումների և մրցանակների մասին: Ռ․ Ալեքսանյանն ասաց, որ «Ուրախ ավտոբուս» ֆիլմն էկրան է բարձրացել 2000 թվականին և ներկայացնում է կյանքը Գյումրիում՝ 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո:

 

 

 «Առիթ եմ ունեցել աշխատելու Ալբերտ Մկրտչյանի հետ, որը մշտապես երիտասարդ ստեղծագործողներին հայրաբար էր վերաբերվում, տալիս արժեքավոր խորհուրդներ և կարողանում էր կինոկենտրոնում բոլորի տրամադրությունը բարձր պահել»,-  մեզ հետ զրույցում պատմեց Ռ. Ալեքսանյանը:

 

Հանդիպում-քննարկումից հետո ներկաները դիտեցին «Ուրախ ավտոբուս» ֆիլմը։

 

Այլ նորություններ
 «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ-2023»-Ի ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի և ՀՀ մարզերի 40 ուսհաստատությունների մասնակիցները «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2023»-ին, որն անցկացվում է արդեն երրորդ անգամ, ներկայացրին 80-ից ավելի հետազոտական նախագծեր «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Հասարակական գիտություններ» անվանակարգերում:
ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ԱՌԿԱ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային և ընթացիկ հարցերով տեղի է ունեցել ԵՊՀ նոր ձևավորված գիտխորհրդի առաջին նիստը, որի ժամանակ հաստատվել են հանձնաժողովների կազմերը, քննարկվել և ընդունվել են մի շարք կանոնակարգեր ու ընթացակարգեր։