18.09.2021 | 
Հասարակություն
«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾ Է. ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԵՏՔ Է ԿԱՌՈՒՑԵԼ». ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՐԿԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾ Է. ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԵՏՔ Է ԿԱՌՈՒՑԵԼ». ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՐԿԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
ԵՊՀ պատվիրակությունն արցախյան երկօրյա այցի ընթացքում այսօր մասնակցել է «100 տուն Արցախում» ծրագրով համալսարանի կողմից ֆինանսավորվող տան կառուցման հիմնարկեքի արարողությանը։

«100 տուն Արցախում» նախագծի նպատակն է բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին: Այս ծրագրով կառուցվելու են բնակարաններ Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ:Ծրագիրն իրականացվում է «Ապրելու Արցախ» հիմնադրամի և «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» նախաձեռնությամբ։

 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս նախագծին միանալու գաղափարը քննարկվել է ԵՊՀ ռեկտորատի նիստում և հավանության արժանացել` այդ կերպ ցույց տալու, որ ԵՊՀ-ն մնում է այն համոզմանը, որ Արցախը և արցախահայությունը մշտապես պետք է լինեն ուշադրության կենտրոնում։

 

 

Այսօր էլ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը նշել էր, որ այս քայլով ԵՊՀ-ն ցանկանում է ցույց տալ, որ Արցախը պետք է ապրի, պետք է զորանա, և որ Արցախ-Հայաստան միասնությունն ու հայ ժողովրդի միասնականությունն այլընտրանք չունեն։

 

Դահրավ գյուղի հարևանությամբ կառուցվող նոր բնակավայրի տարածքում ԵՊՀ պատվիրակությանը դիմավորեց ծրագրի ստեղծագործական անձնակազմը։ Արման Միտոյանը և Սոս Ջանիբեկյանը համալսարանականներին պատմեցին նոր բնակավայրի կառուցման աշխատանքների մասին, ներկայացրին՝ ինչ ենթակառուցվածքներ են ստեղծվելու ու նշեցին, թե ինչ ակնկալիքներ ունեն ծրագրի շահառուները։

 

Նրանց խոսքով, արդեն տասը կազմակերպություն միացել է նախագծին, որոնցից յուրաքանչյուրը ֆինանսավորել է մեկ տան կառուցում․ «Այստեղ բնակություն կհաստատեն 44-օրյա պատերազմում տեղահանված և իրենց տները կորցրած ընտանիքները։ Այժմ կառուցվում է էտալոնային բնակավայր, որի հոսանքի և ջրի մատակարարման աշխատանքները նույնպես մեկնարկել են։ Բնակավայրը կապված կլինի Դահրավ գյուղի հետ»։

 

 

ԵՊՀ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր Սամվել Մուրադյանը նշեց, որ ԵՊՀ-ն Արցախյան շարժման առաջին օրերից եղել է առաջամարտիկ, այսօր առավել ևս, երբ պատերազմի հետքերը պետք է վերացվեն, երբ Արցախը պետք է ծաղկի ու զարգանա, երբ Հայաստանի հետ կապը պետք է ամրապնդվի, շարունակում է ամուր պահել իր կապն Արցախի հետ։

 

«Մեզ միայն Լաչինի միջանցքը չէ, որ կապում է, մեր կապը հոգևոր է․ մեր արմատներն են այստեղ։ Աշխարհում ինչ ուզում են, կարող են ասել, բայց Արցախը պատմական Հայաստանի նահանգներից մեկն է, և անկախ մեզ պատուհասած ողբերգություններից և ավերածություններից՝ մենք անպայման պիտի կառուցենք մեր հայրենիքը»,- ասաց Սամվել Մուրադյանը։

 

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը փաստեց՝ հայրենասիրությունը գործ է, հայրենիքը պետք է կառուցել։ Նա խոստացավ, որ «Գուրգեն Մելիքյան հիմնադրամը» կօգնի այս բնակավայրում ապրող ընտանիքներին՝ նրանց հատկացնելով խոշոր եղջերավոր կենդանիներ։

 

 

ԵՊՀ պատվիրակության անդամները մասնակցեցին կառուցվելիք տան առաջին պատի ամրացմանը, որից հետո Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ առաջիկայում ԵՊՀ-ն կհոգա այդ տանն ապրող երեխաների ուսմանն առնչվող կարիքները, եթե նրանք որոշեն ընդունվել Մայր բուհ, ինչը, նրա խոսքով, չի նշանակում, որ կանտեսվեն մյուս ընտանիքների երեխաների կարիքները։ ԵՊՀ ռեկտորի ժ․պ․-ն խոստացավ նաև, որ ԵՊՀ-ի և բնակավայրի կապն ամուր կպահպանվի․ համալսարանի պատվիրակությունը պարբերաբար կայցելի և կաջակցի այստեղ ապրող ընտանիքներին։

 

 

Հիմնարկեքի արարողության ավարտին ԵՊՀ պատվիրակության ներկայացուցիչներն այցելեցին նոր ստեղծվող բնակավայրի հարևանությամբ գտնվող Դահրավ գյուղ, ծանոթացան այնտեղ ապրող երեխաների հետ, նրանց գրենական պիտույքներ բաժանեցին, ապա եղան գյուղի մշակույթի կենտրոնում, ծանոթացան խնդիրներին և խոստացան աջակցել դրանց լուծմանը։

 

ԵՊՀ պատվիրակության արցախյան այցի ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ:

 

Քնար Միսակյան

 

 

 

Այլ նորություններ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ. ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր «Հանրային դիվանագիտություն 2021» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվել է «Արևելյան գործընկերության դերն ու նշանակությունն Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրների վերափոխման գործընթացում. Հայաստանի փորձը» թեմայով սեմինար-քննարկում:
ԵՊՀ-Ն ՈՒ ՀԱԱՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ. ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր համագործակցության համաձայնագիր են ստորագրել: