19.05.2022 | 
Ուսանողական, Կրթություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԱՐՑԱԽ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԱՐՑԱԽ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Արցախի պետական համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում մայիսի 9-13-ը դասախոսությունների և հիշյալ հուշագրից բխող հանդիպումների կազմակերպման և անցկացման նպատակով Արցախի պետական համալսարանում էր գտնվում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի՝ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակում կազմակերպվեցին դասախոսություններ քրեական իրավունքի, քրեական դատավարության, վարչական իրավունքի, վարչական դատավարության, քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության դասընթացներով՝ հնարավորություն ընձեռելով Արցախի մայր բուհի ուսանողական համակազմին ներկայացնելու հիշյալ ոլորտների առավել արդիական խնդիրները և նախանշելու դրանց լուծման հնարավոր ուղղությունները:

 

 

Արցախի պետհամալսարան այցի ընթացքում քննարկվեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և ԱրՊՀ-ի միջև առկա համագործակցության կարգավիճակը, և հնչեցին առաջարկներ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Մասնավորապես առաջարկվեց քայլեր ձեռնարկել ուսանողների ակադեմիական շարժունակության առավել արդյունավետ կազմակերպման ուղղությամբ՝ հնարավորություն տալով Արցախի մայր բուհի ուսանողներին մեկ կիսամյակ ուսումը շարունակելու ԵՊՀ-ում և այդ ընթացքում կուտակած կրեդիտները փոխանցելու Արցախի պետական համալսարան՝ կրեդիտների կուտակման և փոխանցման սահմանված ընթացակարգերին համապատասխան:

 

Բացի դրանից՝ հաշվի առնելով Արցախի պետական համալսարանում առկա ձևաչափով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոսների կողմից դասախոսությունների շարունակական ապահովման դժվարությունները՝ քննարկվեց տեխնիկական միջոցների ապահովմամբ ԱրՊՀ ուսանողներին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում ընթացող դասընթացներին հեռավար մասնակցության հնարավորության հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ապահովելու Արցախի պետհամալսարանի՝ իրավունքի ամբիոնի դասախոսների կարճաժամկետ վերապատրատումը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում:

 

ԵՊՀ պատվիրակությունն այցի շրջանակում մասնակցեց նաև 44-օրյա պատերազմում նահատակված ԱրՊՀ 26 ուսանող ազատամարտիկների հիշատակին նվիրված ուսանողական գիտաժողովին, որի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Այնուհետ, պատվիրակությունը ծաղիկներ խոնարհեց 44-օրյա պատերազմում նահատակված ԱրՊՀ 26 ուսանող ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, որից հետո մասնակցեց նաև Արցախի մշակույթի տանը կազմակերված հուշ-երեկոյին:

 

Պատվիրակության այցը չի սահմանափակվել բացառապես Արցախի պետական համալսարանի և ԵՊՀ իրավագիտության ֆակուտետի միջև կնքված համագործակցության հուշագրից բխող միջոցառումներով: Արցախի Հանրապետության դատավորների միության առաջարկով պատվիրակությունն այցելեց նաև ԱՀ գերագույն դատարան, որտեղ հանդիպեց Գերագույն դատարանի նախագահ Ն. Նարիմանյանի, Արցախի Հանրապետության դատավորների միության նախագահ Հ. Խաչատրյանի և Գերագույն դատարանի դատավորների հետ:

 

 

ԵՊՀ իրավագիտության ֆակուտետի և ԱՀ գերագույն դատարանի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակելու երկու կառույցների միջև ինստիտուցիոնալ համագործակցության կառուցակարգերի կատարելագործումը, մասնավորապես՝ ֆակուլտետում հրատարակվող անհրաժեշտ գիտական-գործնական բնույթի մասնագիտական գրականության և օժանդակ նյութերի` Արցախի դատական համակարգին տրամադրելու, ԱՀ դատարաններում առաջացող առանձին խնդիրների շուրջ մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու հարցերում:

 

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի առաջարկով տեղի ունեցավ հանդիպում ԵՊՀ իրավագիտության ֆակուտետի պատվիրակության և ԱՀ գլխավոր դատախազության միջև: Հանդիպման ընթացքում կարևորվեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ մասնագիտական շփումների մշտական ապահովման էլեկտրոնային գործիքների ներդրումը, այդ թվում՝ ըստ անհրաժեշտության պրակտիկ տարբեր հիմնախնդիրների պարզաբանման առնչությամբ տեսակոնֆերանսների հրավիրումը, որի կապակցությամբ ևս պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ Արցախի Հանրապետության դատախազները տեղում բարձրացրին իրենց հուզող մասնագիտական-գործնական տարատեսակ խնդիրներ՝ նվիրված իրավունքի տարբեր ճյուղերին, և ստացան համարժեք պատասխաններ:                                                                                                       

Պատվիրակությունը մասնակցեց Արցախի մայր բուհի գիտական խորհրդի հատուկ նիստին՝ ռեկտոր Արմեն Սարգսյանի գլխավորությամբ, որի ընթացքում հրապարկվեց գիտխորհրդի կայացրած որոշումն Արցախի պետական համալսարանում իրավաբանական կրթության կայացման ու զարգացման գործում ներդրած բացառիկ ավանդի և առաքելության համար ԵՊՀ իրավագիտության ֆալուլտետի դեկան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Գագիկ Ղազինյանին «Արցախի պետական համալսարանի պատվավոր դոկտորի» կոչում շնորհելու մասին՝ վերջինիս հանձնելով համապատասխան վկայականը:

 

 

Արցախ մեկնած պատվիրակության անդամներն էին ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Սամվել Դիլբանդյանը, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Արմեն Հայկյանցը, ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ, ի.գ.թ., Տիգրան Խաչիկյանը և ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի հայցորդ Հայկ Ավետյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «POLYCHAR 28» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ
«PolyChar 28» միջազգային ամենամյա կոնֆերանսին աշխարհի տարբեր ծայրերից մասնակցում են ոլորտի առաջատար գիտնականներ՝ պոլիմերների սինթեզման ու բնութագրման մեջ ժամանակակից միտումներին ծանոթանալու նպատակով:
«ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՐԵՆՈՒ ՊՏՈՒՂՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ C ՎԻՏԱՄԻՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿ»․ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ՀԱՅ ԲՈՒՅՍ» 8-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի աշխատակիցներն ու բակալավրիատի ուսանողները մասնակցել են Տավուշի մարզի Ենոքավան գյուղում անցկացված «Հայ բույս 2022» 8-րդ փառատոնին՝ ներկայացնելով թեյեր, բուսական կոսմետիկա և բույսերից պատրաստված տիկնիկներ: