27.07.2022 | 
Ուսանողական, Կրթություն
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏՎԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՊԵՍ ԿԻՐԱՌԵԼԻ Է ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ԼՈՒՍԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏՎԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՊԵՍ ԿԻՐԱՌԵԼԻ Է ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ԼՈՒՍԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵՊՀ «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի այս տարվա շրջանավարտներից է Լուսինե Պողոսյանը, ում հետ զրուցել ենք բուհի ընտրության, ծրագրի շրջանակում ստացած գիտելիքների և համալսարանի փոխանցած արժեքների մասին:

Պատմում է ինքը՝ Լուսինեն:

 

Բուհի և մասնագիտության ընտրությունը դեռ վաղ տարիքից հստակ էր:

 

Նախքան բուհ ընդունվելը մեկ տարի սովորել եմ ԱՄՆ-ում: Այդ ընթացքում առավել հստակ դարձավ մասնագիտական կողմնորոշումս. որոշեցի ընդունվել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ: Վստահ էի՝ հենց ԵՊՀ-ում կարող եմ ոլորտի վերաբերյալ լիարժեք գիտելիքներ ստանալ: «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրին դիմելն էլ չորս տարիների տրամաբանական շարունակությունն էր:

 

 

Սովորելու տարիներին նաև աշխատում էի, և այդ ժամանակ պարզորոշ երևում էր՝ համալսարանի տված կրթությունը մեծապես կիրառելի է աշխատանքում:

 

Ցեղասպանագետ լինելու համար պետք է լինել լավ հայագետ, խորապես ուսումնասիրել ոչ միայն Հայոց ցեղասպանությունն ու դրան վերաբերող գիտական գրականությունը, այլև ուրիշ ազգերի հետ տեղի ունեցած ցեղասպանությունները, ինչպես նաև կատարել համեմատական վերլուծություններ: Այս գիտելիքներն ու հմտությունները ձեռք եմ բերել «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի շրջանակում:

 

Ուսանողական գիտական ընկերությանն անդամակցելու շնորհիվ ունեցել եմ առավել ակտիվ ուսանողական կյանք:

 

ՈՒԳԸ-ն կազմակերպում էր հետաքրքիր հանդիպումներ, տարաբնույթ այցեր, որոնք ևս նպաստում էին մեր զարգացմանն ու աշխարհայացքի ընդլայնմանը: Անդամակցելով կառույցին՝ գիտաժողովների մասնակցելու և գիտահետազոտական գործունեություն ծավալելու հնարավորություն ես ունենում:

 

 

Եթե ամփոփեմ կրթական վեց տարիները, վստահաբար կարող եմ ասել՝ ոչ մի պահ չեմ կորցրել հետաքրքրությունն ընտրածս մասնագիտության հանդեպ:

 

Մագիստրատուրայում մի փոքր այլ էր. մեզ այնտեղ ընդունում էին ոչ թե որպես ուսանողների, այլ որպես գործընկերների։ Դասախոսները մշտապես օժանդակում էին մեզ տեսական գիտելիքները պրակտիկայում կիրառելու հարցում: Երբեմն այս կամ այն հարցի շուրջ դասախոսների և մեր կարծիքներն էականորեն տարբերվում էին, սակայն լսարանում ստեղծված էր այնպիսի մթնոլորտ, ուր որևէ մեկը չէր կաշկանդվում սեփական կարծիքն արտահայտելուց։

 

 

Այժմ եկել է գիտելիքներն աշխատանքում կիրառելու ժամանակը:

 

Մագիստրոսական թեզս մշակութային ցեղասպանության վերաբերյալ էր։ Ապագայում նպատակ ունեմ շարունակելու մասնագիտական գործունեությունս և կիրառելու համալսարանում ձեռք բերած հմտություններս՝ ի շահ մեր պետության։

 

Մարինե Մկրտչյան

Այլ նորություններ
ՍՈՖԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում օգոստոսի 30-ին մեկնարկած մոդուլային առարկայի շրջանակում Սուրբ Կլիմենտ Օհրիդսկու անվան Սոֆիայի համալսարանի գենետիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ս․ Գ․ Դիմովը կարդաց դասախոսություն՝ «Սննդի մանրէաբանություն. սննդի որակի վերահսկողության նորագույն մեթոդներ» թեմայով:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՄԱՆՐԷՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հաղթող ճանաչված թիմերն ստացան դրամական պարգևներ, իսկ մյուս թիմերին ժյուրին առաջարկեց շարունակել զարգացնել ներկայացված գաղափարները, քանի որ դրանք չափազանց արդիական են և կարող են նպաստել կենսաբանության, հատկապես մանրէաբանության ոլորտի առաջընթացին։