10.06.2022 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
«ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՎԱՔՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԷԻՆՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ». ԱՐՄԻՆԵ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
«ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՎԱՔՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԷԻՆՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ». ԱՐՄԻՆԵ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ Արմինե Ալավերդյանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում երկու անգամ կրթություն է ստացել Եվրոպայում: Արմինեի հետ զրուցել ենք Պրահայի Կարլի համալսարանում ստացած կրթության, ԵՊՀ-ի ընձեռած հնարավորությունների և այլ հարցերի շուրջ:

Պատմում է ինքը՝ Արմինեն:

 

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը գործադրում է բոլոր ջանքերը հմուտ դիվանագետներ, վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ նախապատրաստելու հարցում։

 

Առաջին մասնագիտությունս ձեռք եմ բերել՝ սովորելով ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում, որն ավարտելով՝ որոշեցի ուժերս փորձել նոր ոլորտում. ընդունվեցի Մայր բուհի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Այսօր վստահաբար կարող եմ ասել, որ դա կյանքիս ամենաճիշտ և նպատակային որոշումներից էր. ես իրապես կարողացել եմ վայելել ուսումնառության երկու տարիները՝ ձեռք բերելով մասնագիտական բարձր մակարդակի հմտություններ ու գիտելիքներ։ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորելն ինձ համար պարզապես նոր մասնագիտություն ձեռք բերելու գործընթաց չէր. այն կյանքի նոր և հետաքրքիր շրջափուլ էր, ուստի պատահական չէ, որ ես այլևս չեմ կարող ինձ այս ոլորտից դուրս պատկերացնել:

 

 

Արտերկրում սովորելն ինձ համար երբևէ գերնպատակ չի եղել, սակայն միշտ կարևորել եմ միջազգային փորձը և մասնագիտական կարողություններս բարելավելը:

 

Երևանի պետական համալսարանը, ինձ երկու մասնագիտություններ տալուց բացի, հնարավորություն է ընձեռել եվրոպական լավագույն երկու համալսարաններում սովորելու, միջազգային փորձ ու գիտելիքներ ձեռք բերելու, սեփական անձը նորովի բացահայտելու և, իհարկե, ճամփորդելու: Կրթությունից զատ՝ Պրահան՝ այդ առեղծվածային ու հեքիաթային քաղաքը, ինձ տվեց շատ ընկերներ, սովորեցրեց ապրել միայնակ, դարձրեց ավելի ուժեղ ու համարձակ։

 

Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում սովորելու ընթացքում «Էրազմուս+» ծրագրի շրջանակում առաջին անգամ հնարավորություն ստացա մեկնելու Իսպանիա՝ սովորելու Ալմերիայի համալսարանում։

 

Անշուշտ, երկրորդ փորձս սկզբունքորեն տարբերվում էր նախորդից. այս անգամ աշխարհի տարբեր անկյուններից հավաքված ուսանողների հետ քննարկում էինք ոչ թե գեղարվեստական այս կամ այն ստեղծագործությունը, այլ միջազգային հարաբերությունների առանցքային խնդիրներն ու հրատապ հարցերը, որոնցից շատերն առնչվում էին մեր երկրին ու պատմությանը։

 

 

Սովորելով արտերկրում՝ մեր ուսանողները կհամոզվեն, որ Մայր բուհն իր սահմանած պահանջներով ու մոտեցումներով ոչ միայն չի զիջում, այլև գերազանցում է արտասահմանյան շատ այլ բուհերի։

 

Շուրջ մեկդարյա գործունեության ընթացքում Մայր բուհը հաջողությամբ համագործակցել է և շարունակում է համագործակցել աշխարհի առաջատար համալսարանների հետ՝ իր ուսանողների համար միջազգային ասպարեզի ճանապարհ հարթելով։

 

Համալսարանականներին խորհուրդ կտամ չվարանել և դիմել արտերկրում ուսանելու ծրագրերին, փորձել և հետո վայելել այդ փորձի արգասաբեր արդյունքները։

 

Մայր բուհն այդ հարցում գլխավոր աջակիցներից է: Միջազգային փորձը մեկտեղելով Երևանի պետական համալսարանում ստացած կրթության հետ՝ հնարավոր է դառնալ ուժեղ, մրցունակ և հմուտ մասնագետ։

 

Մարինե Մկրտչյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՄԱՆՐԷՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հաղթող ճանաչված թիմերն ստացան դրամական պարգևներ, իսկ մյուս թիմերին ժյուրին առաջարկեց շարունակել զարգացնել ներկայացված գաղափարները, քանի որ դրանք չափազանց արդիական են և կարող են նպաստել կենսաբանության, հատկապես մանրէաբանության ոլորտի առաջընթացին։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագրի շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ այցելեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի տնօրենի տեղակալ Մաթիաս Հեսպեն՝ հետագա համագործակցությունների հեռանկարները, ինչպես նաև վերոնշյալ կրթական ծրագրի ուսանողներից երկուսին կրթաթոշակ տրամադրելու հարցը քննարկելու։