13.04.2021 | 
Հասարակություն
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԱՎԵԼԻ ՀԱՃԵԼԻ ԵՎ ԲԱՐԵԿԵՑԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՍԵՆՅԱԿ ՈՒՆԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԱՎԵԼԻ ՀԱՃԵԼԻ ԵՎ ԲԱՐԵԿԵՑԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՍԵՆՅԱԿ ՈՒՆԻ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել Իրավաբանական կլինիկայի վերանորոգված և կահավորված նոր սենյակի բացման հանդիսավոր արարողությունը:

ԵՊՀ իրավաբանական կլինիկան Իրավագիտության ֆակուլտետում հիմնադրվել է 1999 թ. Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ: Այն՝ որպես Իրավագիտության ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանում, մատուցում է անվճար իրավաբանական ծառայություններ՝ ձեռնարկելով հնարավոր բոլոր միջոցներն իրավաբանական օգնություն ստանալու նպատակով դիմող անձանց իրավունքների և օրինական շահերի համապարփակ պաշտպանությունն ապահովելու համար:

 

ԵՊՀ իրավաբանական կլինիկան հնարավորություն է տալիս բակալավրիատի բարձր կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներին, պարտադիր դասընթացների ուսումնասիրմանը զուգընթաց, լրացնելու իրենց տեսական գիտելիքները և ձեռք բերելու գործնական հմտությունները, կիրառելու դրանք գործնականում  ու կողմնորոշվելու մասնագիտական հետագա գործունեության ոլորտների ընտրության հարցում:

 

 

ԵՊՀ-ի և Իրավագիտության ֆակուլտետի ղեկավարության աջակցությամբ միջազգային չափանիշներով կահավորված և վերանորոգված նոր սենյակի հանդիսավոր բացմանն այսօր ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը, պրոռեկտորներ Էլինա Ասրիյանը և Արման Մալխասյանը, ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և կլինիկայի հետ համագործակցող միջազգային և ներպետական կառույցների ներկայացուցիչներ:

 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը փաստեց, որ իրավաբանական կլինիկաներն աշխարհում լուրջ հեղինակություն և գործունեության լայն շրջանակ ունեն, որոնք հնարավորություն են տալիս ֆակուլտետում ստացած գիտելիքները կիրառելու գործնականում, դրա հետ մեկտեղ իրավաբանական ծառայություններ մատուցելու սոցիալապես անապահով անձանց:

 

Նա հույս հայտնեց, որ վերանորոգված նոր սրահն իր առանձին սենյակներով կօգնի, որ խորհրդատվություններն իրականացվեն միջազգային չափանիշներին համապատասխան խորհրդապահական խցիկներում, և հավաստիացրեց, որ նոր սրահի բացումն իրականում որակական քայլ է դեպի ուսանողական կլինիկայի լիարժեք կայացում:  

 

 

Իրավագիտության ֆակուլտետի դեկանն ասաց, որ կլինիկան ֆակուլտետի համար առաջնահերթություն է. «Մեր նպատակներից է, որ մեր բոլոր ուսանողները, առանց բացառության, ստանան կլինիկական կրթություն: Դա իրագործելու համար մենք կփորձենք ապահովել անհրաժեշտ բոլոր պայմանները»:

 

ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանն էլ նշեց, որ կլինիկան ունի բազմաթիվ գործընկերներ, որոնց հետ համատեղ իրականացվում են տարբեր ծրագրեր՝ նպաստելով կլինիկայի բազմակողմանիությանը և արդյունավետ գործունեությանը:

 

 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ողջունելով նախաձեռնությունը, նկատեց, որ կլինիկայի նոր սրահի բացումը շատ նշանակալի է, քանի որ այստեղ առկա առանձնասենյակները կարևոր են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ ապահովելով առանձնազրույցի ժամանակ անձնական կյանքի բոլոր տեղեկությունների գաղտնիությունը:

 

 

Նա նշեց, որ ֆակուլտետը բարձր նշաձող է սահմանել իր պրոֆեսիոնալությամբ և առաջատար է ոչ միայն Հայաստանում, այլև դրսում. «Մեր աշխատանքի ընթացքում շատ հաճախ մենք քաղաքացիներին վստահորեն ուղղորդում ենք դեպի Իրավաբանական կլինիկա: Իսկ երբ այստեղից են գալիս մեզ մոտ, միշտ բարձր գոհունակությամբ են արտահայտվում կլինիկայի մասին, քանի որ գործ ունեն պրոֆեսիոնալների հետ»:

 

 

Արման Թաթոյանը վստահեցրեց, որ ստեղծված նոր պայմաններն էլ ավելի են օգնելու կլինիկայի միջազգային հեղինակության բարձրացմանը և հավաստիացրեց, որ ՄԻՊ գրասենյակն էլ ամեն ինչ կանի այդ գործընթացին խթանելու համար:

 

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն ասաց, որ կլինիկայի նոր սրահը ոչ թե հերթական վերանորոգված լսարանն է, այլ նոր ոճ, ինչը ենթադրում է նորոգել քիչ տարածքներ, որոնք կլինեն ժամանակակից, հրապուրիչ ուսանողների համար և, որ ամենակարևորն է, կծառայեն մասնագիտության վարկի բարձրացմանը:

 

 

Իրավաբանական կլինիկան ունենում է տարեկան միջինում 120 գործ, որոնց մեծ մասն ավարտվում է դրական ելքով: Անցնող տարվա ընթացքում, համավարակի պայմաններում կլինիկան ունեցել է 80-ից ավելի գործ, որոնց մեծամասնության դեպքում հաճախորդների իրավական խնդիրներին տրվել են արդյունավետ լուծումներ: Կլինիկայի գործունեությանը մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Քնար Միսակյան

 


Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ԱՆՄԱՀԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՄՐՑՈՒՅԹ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԷՍՔԻԶԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ գրադարանի նախասրահում մեկնարկել է 2020 թ. պատերազմին մասնակցած և հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած ԵՊՀ ուսանողների ու աշխատակիցների հիշատակը հավերժացնող հուշարձանի (հուշահամալիրի) բաց մրցույթի էսքիզային առաջարկների ցուցադրությունը:
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ 2021 Թ. ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Ամփոփվել են ԵՊՀ-ում դասավանդման մեթոդների կատարելագործումը խթանելու, արդի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը նպաստելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները: