18.11.2022 | 
Կրթություն, Մշակույթ
ԵՊՀ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԱՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ
ԵՊՀ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԱՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ
«Ոսկե ձայներ» երգի միջազգային մրցույթի տարբեր անվանակարգերում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները գրավել են առաջին հորիզոնականը և արժանացել Գրան պրի մրցանակի: Մրցույթին մասնակցում էին 20-ից ավելի երկրներ, և այն արդեն երրորդ անգամն էր անցկացվում Հայաստանում:

Կենտրոնի տնօրեն Կ. Դավթյանը եղել է մրցույթի ժյուրիի անդամ: Մեզ հետ զրույցում վերջինս նշեց, որ ժյուրիի կազմում եղել են բոլոր երկրներից ներկայացուցիչներ, և նրանցից յուրաքանչյուրն իր երկրի մասնակցի օգտին քվեարկելու իրավունք չի ունեցել:

 

 

Անդրադառնալով համալսարանականների ելույթներից ժյուրիի ստացած տպավորություններին՝ Կ. Դավթյանը նշեց. «Բոլորն անչափ տպավորված էին Գայանեի և Միքայելի կատարումներից: Ժյուրիի անդամներին հատկապես հիացրել էին Միքայելի հրաշալի ձայնը և արտիստիզմը, իսկ Գայանեն այնքան հրաշալի երգեց իր հեղինակած բարդ երգը, որ բոլորին թվաց, թե նա Կոնսերվատորիայի՝ դասական վոկալի բաժինն է ավարտել»:

 

Միջազգային մրցույթի հաղթողներ Գայանեն և Միքայելը մեզ  հետ զրույցում ընդգծեցին, որ մրցույթին մասնակցելու որոշման հարցում մեծ դերակատարում է ունեցել ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

 

 

Գայանե Թադևոսյանը, կարևորելով ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դերը իր հաղթանակի ձեռքբերման գործում, նշեց. «Իմ ստեղծագործական ամբողջ կյանքն անցել է մշակույթի կենտրոնում, և, կարելի է ասել, բոլորս ԵՊՀ-ի շնորհիվ ենք դարձել այն, ինչ կանք այսօր: Թեև այժմ աշխատում եմ իմ մասնագիտությամբ և բոլորովին այլ ոլորտում, բայց դեռևս շարունակում եմ մասնակցել մշակութային միջոցառումների, որովհետև առանց երգի ապրելն ինձ համար անիմաստ է»:

 

Մրցույթի ժամանակ Գայանեն ներկայացրել է «Ես կգամ» երգը, որը «Լավագույն հեղինակային երգ» անվանակարգի հաղթողն է եղել:

 

«Լավագույն ռոք կատարում» անվանակարգում հաղթած Միքայել Նշանյանը հիշեցրեց, որ, մասնակցելով «Բալթիկ վոյս» մրցույթին, գրավել էր 1-ին տեղը, ապա հավելեց, որ այս մրցույթում ներկայացրել է իր և Կ. Դավթյանի ընտրած երգը: Միքայելը առանձնակի կարևորեց նաև այն, որ երգն ընտրելիս պետք է հաշվի առնել ձայնի և ոճի համապատասխանությունը:

 

Նշենք, որ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները տարիներ շարունակ մասնակցում են հանրապետական, միջազգային, միջբուհական և բազմաթիվ այլ մրցույթների և ամենուրեք բարձր են պահում Երևանի պետական համալսարանի անունն ու պատիվը:

Այլ նորություններ
ՀՀ-ՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնին առընթեր գործող Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնը կրկին հյուրընկալել էր ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Դեսպանը կենտրոնի գրադարանին է նվիրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեղինակած գրքերը:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԴԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ․ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ
21-րդ դարը նորարարական բացահայտումների ժամանակաշրջան է, որում մեծ դերակատարում ունեն տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ)։ Դրանք ներթափանցել են մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներ՝ առաջարկելով առօրյայի և աշխատանքային գործընթացների դյուրին ու արդյունավետ կազմակերպման ուղիներ։