30.11.2021 | 
Հասարակություն
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր հյուրընկալվել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, դասախոսներ, ուսանողներ:

 

 

Նաղաշ Մարտիրոսյանը, ողջունելով հյուրին, նշեց, որ նմանատիպ հանդիպումները կարևոր են ոլորտի վերաբերյալ արդիական և անհրաժեշտ տեղեկություններ ստանալու, մասնագիտական կարծիք լսելու առումով. «Ոչ ֆորմալ կրթության ձևաչափով հաղորդվող գիտելիքներն օգնում են ապագա լրագրողներին ճիշտ լուսաբանել, մեկնաբանել իրավական այն գործընթացները, որոնք տեղի են ունենում միջազգային հեղինակավոր ատյաններում»:

 

Ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեցան մանրամասն տեղեկություններ ստանալու Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքների և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների մասով ՄԻԵԴ Հայաստանի կողմից ներկայացված հայցերի վերաբերյալ։

 

 

Եղիշե Կիրակոսյանի բանախոսության հիմնական առանցքը ՄԱԿ-ի արդարադատության դատարանի՝ Հաագայի դատարանի հայաստանյան հայցն էր, որը, հիրավի, պատմական հնարավորություն է Արցախյան հակամարտության խնդիրը միջազգային իրավունքի կարևորագույն հարթակում ներկայացնելու և լուծումներ պահանջելու համար։

 

Ուսանողները հնչեցրին բազմաթիվ հարցեր հայցի կարևորության, հիմնավորվածության և հնարավոր արդյունքների մասին։ Քննարկվեցին նաև 44-օրյա պատերազմի հետևանքները չեզոքացնելու, միջազգային իրավունքի գործիքակազմերը կիրառելու հնարավորություններն ու ռիսկերը։

 

 

Ֆակուլտետի դասախոս Գայանե Աբրահամյանը նշեց, որ նմանատիպ հանդիպումներն ու բանախոսությունները ոլորտի փորձագետների և պաշտոնյաների հետ պարբերական բնույթ ունեն, դրանք կազմակերպվում են «Միջազգային ժուռնալիստիկա և միջազգային կազմակերպություններ» դասընթացի շրջանակում. «Հանդիպումները ոչ ֆորմալ կրթական հարթակ են ուսանողների համար, հնարավորություն են տալիս լսելու մասնագիտական բանախոսություններ, ինչպես նաև հարցեր հղելու ոլորտի մասնագետներին»։

 

Այլ նորություններ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳՆ ԱՐՑԱԽՈՒՄ․ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԿՈՉՈՎ
2022 թ․ հուլիսի 15-19-ը ԵՊՀ-ում և Հայ Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում տեղի է ունեցել «Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով, որի ընթացքում ավելի քան երեսուն օտարերկրյա և հայ գիտնականներ ու փորձագետներ քննարկել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մշակութային արժեքների ստեղծման, պատմական զարգացման և ներկայիս վտանգվածության խնդիրները։
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Այսօր հայոց պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով «Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի» (ԿՄՕ) մասնակիցները շրջայց են կատարել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարանում, այնուհետև ճանաչողական էքսկուրսիա իրականացրել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: