18.10.2021 | 
ՊԵՏՔ Է ԱՊՐԵԼ ԵՎ ԳՈՐԾԵԼ ՍՈՒՐԵՆԻ ՆՄԱՆ. ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ՊԵՏՔ Է ԱՊՐԵԼ ԵՎ ԳՈՐԾԵԼ ՍՈՒՐԵՆԻ ՆՄԱՆ. ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ֆակուլտետի զոհված ուսանող-ազատամարտիկ Սուրեն Մելիքբեկյանի ծննդյան օրվան նվիրված հիշատակի արարողություն:

Հիշեցնենք, որ ֆակուլտետի՝ սեպտեմբերի 15-ին կայացած գիտական խորհրդի նիստում որոշում էր ընդունվել հոկտեմբերի 18-ը հայտարարել Արցախյան ազատագրական պայքարում ֆակուլտետի զոհված ուսանողների և շրջանավարտների հիշատակի օր, այսուհետ ամեն տարի այդ օրը տեղի է ունենալու գիտական նստաշրջան:

 Հիշատակի արարողությանը մասնակցում էին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, Սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը, Սուրեն Մելիքբեկյանի ծնողները, ընտանիքի անդամները, ընկերներ, ֆակուլտետի դասախոսական կազմի ներկայացուցիչներ, հյուրեր:

 

Մարատ Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորեց Սուրեն Մելիքբեկյանի ծննդյան օրը և նշեց, որ նրա ծնողները պետք է հպարտ լինեն, որ հայրենիքին այդպիսի զավակ են նվիրել:

 

«Սուրենը կարող էր ընտրել լավ գիտնական դառնալու ուղին, բայց նա ընտրեց հանուն հայրենիքի անմահանալը՝ իմացյալ մահը»,- ասաց Մարատ Գրիգորյանը՝ հավելելով, որ պետք է ապրել և գործել Սուրենի նման:

Այդպիսի զավակ դաստիարակելու համար Սուրեն Մելիքբեկյանի ծնողներին շնորհակալություն հայտնեց նաև Սեյրան Սուվարյանը:

 

«Մենք բոլորս էլ պետք է մխիթարվենք նրանով, որ Սուրենի նման երիտասարդ ենք ունեցել, որը  հայրենասիրության և քաջության օրինակ էր բոլորի համար»,- ասաց Սեյրան Սուվարյանը՝ հավելելով, որ նրա օրինակը պետք է վարակիչ լինի նաև ֆակուլտետի ուսանողների և եկող սերունդների համար:

 

Հերոսի մասին պատմություններով կիսվեցին նաև  դասախոսներն ու համակուրսեցիները, այնուհետև ներկաներն այցելեցին Սուրեն Մելիքբեկյանի անվան քարտեզագրության և գեոինֆորմատիկայի լաբորատորիա և ծաղիկներ խոնարհեցին նրա նկարի դիմաց: