12.01.2022 | 
Ուսանողական
«ԵՊՀ-Ն ԻՆՁ ԸՆՁԵՌԵԼ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԱՅԼԵՎ ԱՐՏԵՐԿՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲՈՒՀԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ». ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՎԱՀԱԳՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
«ԵՊՀ-Ն ԻՆՁ ԸՆՁԵՌԵԼ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԱՅԼԵՎ ԱՐՏԵՐԿՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲՈՒՀԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ». ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՎԱՀԱԳՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Համալսարանական Վահագն Մուրադյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում ձեռք է բերել ոչ միայն մասնագիտական հիմնարար գիտելիքներ և վերլուծական մտածողություն, որոնք նրան հնարավորություն են ընձեռել սովորելու արտերկրի հեղինակավոր բուհերից մեկում, այլև ուսանողական տարիների անփոխարինելի հուշեր և ընկերներ:

- Ինչպե՞ս եք որոշել ընդունվել Երևանի պետական համալսարան, և ի՞նչ դեր է խաղացել Մայր բուհը Ձեր կյանքում:

 

- ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ եմ ընդունվել երկու պատճառով. նախ՝ Մայր բուհն Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի տված բարձրորակ կրթության տրամաբանական շարունակությունն էր, քանի որ ԵՊՀ-ն տարիների իր փորձով ապացուցել է, որ լավագույն բուհերից է Հայաստանում։ Երկրորդն իմ հետաքրքրությունն էր ֆիզիկայի նկատմամբ, իսկ վերջինս բարձր մակարդակով ուսուցանվում է հենց համալսարանում: Ամեն ինչ համապատասխանում էր իմ ցանկություններին: Փոքր դեր չեն խաղացել նաև ապագայի մասին մտքերը. բազմաթիվ էին հաջողակ ու կայացած այն մարդկանց օրինակները, որոնք ամենատարբեր բնագավառներում բավականին մեծ բարձունքների էին հասել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում յուրացրած գիտելիքների շնորհիվ: Հետագայում ես հասկացա դրա պատճառը. այստեղ, բացի մասնագիտական առարկաների ուսումնասիրությունից, տարիների ընթացքում ձեռք ես բերում վերլուծական մտածողություն՝ մտավոր զարգացում ապրելով։ Այժմ կարծում եմ, որ շատ ճիշտ ընտրություն եմ կատարել մասնագիտությանս ու համալսարանի հարցում։ Ունեցել եմ նաև բավականին հետաքրքիր ուսանողական կյանք, եղել եմ ֆակուլտետային ուսանողական խորհրդի անդամ, մասնակցել ու կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ՝ այդ ընթացքում ձեռք բերելով շատ լավ ընկերներ։

 

- Այժմ սովորում եք ֆրանսիական առաջատար բուհերից մեկում, ինչպե՞ս եք ընդունվել և առաջիկա ի՞նչ ծրագրեր ունեք:

 

- Ես այն համոզմունքն ունեմ, որ ուսանելուց բացի՝ պետք է կարողանալ զուգահեռ կիրառել գիտելիքները գործնականում, ուստի օգտագործել եմ ընձեռված ցանկացած հնարավորություն: Քանի որ Ֆիզիկայի ֆակուլտետը բազմաթիվ համագործակցություններ է ծավալում ոլորտի առաջատար տարբեր կազմակերպությունների և լաբորատորիաների հետ, կարողացա ընդունվել Ա. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ որպես ստաժոր հետազոտող, և այդ ընթացքում փոքրիկ հաջողություններ գրանցեցի։ Հետագայում, երբ ընդունվեցի մագիստրատուրա, հասկացա, որ կարող եմ ԵՊՀ-ի շնորհիվ ուսանել տարբեր երկրներում: Կրկնակի դիպլոմով փոխանակման ծրագրով այժմ ուսումնառում եմ Ֆրանսիայի Բուրգոնի Ֆրանշ-Կոմտե դաշնային համալսարանում: ԵՊՀ-ն ինձ ոչ միայն կրթվելու ու մասնագիտությանս մեջ հմտանալու, այլև եվրոպական ամենաազդեցիկ երկրներից մեկի կյանքին և մշակույթին ծանթանալու հնարավորություն է տվել, ինչի համար միշտ շնորհակալ եմ լինելու: Իսկ ինչ վերաբերում է ապագային, ապա ասեմ, որ մտադրություն չունեմ երկար մնալու օտար երկրում. հետագայում իմ ստացած գիտելիքներն ու հմտությունները կցանկանայի ծառայեցնել մեր երկրի զարգացման համար։

 

- Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին և հատկապես համալսարանականներին:

 

- Այսօրվա երիտասարդներին խորհուրդ կտամ անվերապահորեն հետևել իրենց ընտրած ուղուն, նպատակներին ու երազանքներին, իսկ եթե այդ ճանապարհին ռիսկերի հանդիպեն՝ առանց վախենալու ընդունեն մարտահրավերները։

 

Վարդուհի Զաքարյան

 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
Այսօր ԵՊՀ եվրոպական հետազոտությունների կենտրոնում կայացավ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԽ բանավեճի մասնագիտական ակումբի առաջնության եզրափակիչ փուլը, որի ընթացքում մրցեցին «Silent Killers» և «За СССР» թիմերը: Ժյուրիի գնահատականների արդյունքում բանավեճի մասնագիտական ակումբի առաջնության մեծ գավաթը նվաճեց «Silent Killers» թիմը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՑՅԱԼ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում անցկացվեց առցանց սեմինար, որի շրջանակում ֆակուլտետի ուսանողներն ու գիտաշխատողները հնարավորություն ունեցան ծանոթանալու Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտին և գիտահետազոտական ուղղություններին: