26.11.2021 | 
Հասարակություն
«ՉՆԱՅԱԾ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԳՐԱՎԻՉ ԵՆ, ԲԱՅՑ ՄԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, ՄԵՆՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆԸ». ԱՆԱՀԻՏ ՕՐԲԵԼՅԱՆ
«ՉՆԱՅԱԾ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԳՐԱՎԻՉ ԵՆ, ԲԱՅՑ ՄԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, ՄԵՆՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆԸ». ԱՆԱՀԻՏ ՕՐԲԵԼՅԱՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիս բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Օրբելյանը վստահ է, որ Հայաստանը զբոսաշրջության ոլորտում մեծ ներուժ ունի: Երիտասարդ համալսարանականն ունի իր տեսլականը պետության զարգացման համար, որի առանցքային տարրը երիտասարդն է՝ հայրենասեր ու նպատակասլաց:

Երազանքի ու դրա իրականացման մասին ….

 

Անկեղծ ասած՝ դեռ մանկուց երազել եմ սովորել հենց ԵՊՀ-ում: Ինձ համար երազանք էր նույնիսկ համալսարանի շենքը: Երևանի պարարվեստի պետական քոլեջում սովորելու տարիներին պարել եմ «Նարեկ» պարային համույթում, որի հետ էլ շրջագայել եմ տարբեր երկրներով ու քաղաքներով, ծանոթացել ազգերի սովորույթներին ու ավանդույթներին: Հենց այդ ժամանակ էլ հասկացա, որ պետք է անպայման համատեղել մասնագիտությունս ու ճամփորդությունը:  Ես որոշեցի մասնագիտությունս կտրուկ փոփել, ընդունվեցի ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիս բաժինը:

 

Հիմնարար կրթության և գիտական գործունեության առաջին քայլերը ….

 

2020 թ. մասնակցել եմ «Erasmus»-ի կարճաժամկետ ծրագրին, որի շրջանակում մեկնել եմ Իտալիա: Արվեստին ու մշակույթին վերաբերող ծրագրի ընթացքում նորագույն տեխնոլոգիաների միջոցով ուսումնասիրել ենք արվեստը, մշակույթը զարգացնելու ու խթանելու մեթոդները: Սա նաև ժամանակակից տեխնոլոգիաներին ծանոթանալու և դրանք մասնագիտական ոլորտում կիրառելու լավ հնարավորություն է:

 

Ֆակուլտետում վերջերս «Սևծովյան ավազանում ժառանգության և մշակույթի վրա հիմնված փորձառական զբոսաշրջության խթանում» ծրագրի շրջանակում կազմակերպվել էր միջազգային համաժողով, որտեղ իրենց մասնակցությունն ունեին նաև ուսանողները: Այդ ընթացքում ես կարողացա էլ ավելի ամրապնդել իմ լեզվական հաղորդակցական հմտությունները և ծանոթանալ զբոսաշրջության նոր ուղղությանը. այն ժամանակակից մոտեցումներ և զարգացման լավ հեռանկարներ ունի: Հիմա «Մոնիտորինգային գործունեությունը ՀՀ զբոսաշրջության ոլորտում և դրա հիմնախնդիրները» թեմայով գիտական հոդվածի վրա եմ աշխատում:

 

 

Ուսանողական ակտիվ կյանք, որը երիտասարդության լավագույն տարիների հիշողությունն է կերտում ….

 

Հենց ուսանողական տարիներն են, որ կերտում են մեր հիշողությունները՝ դարձնելով դրանք ավելի լիարժեք ու հիշարժան: Շատ ընկերներ ունեմ, որ այլ համալսարանում են սովորում, երբ համեմատում եմ, հասկանում եմ՝ մենք հպարտանալու շատ բան ունենք: Իհարկե, վերջին տարիներին համավարակը թույլ չի տալիս լիարժեք վայելելու ուսանողական ակտիվ կյանքը, բայց  բոլոր խնդիրները լուծելի են:  ԵՊՀ ուսանողական խորհրդի քարտուղարն եմ, ուստի մեծ ներգրավվածություն ունեմ ուսանողական կառույցի ծրագրերի կազմակերպման ու իրականացման գործընթացներում: Դեռևս առաջին կուրսից ակտիվ ուսանողական գործունեություն եմ ծավալում: Մասնակցել եմ տեղեկատվական և իրազեկման շատ ծրագրերի, որոնք ընդլայնել են իմ գիտելիքները և փոխել մտածելակերպը: Այդ ընթացքում մեծ ընկերական շրջապատ եմ ձեռք բերել: Ընդհանրապես ՈՒԽ-ն ինքնաարտահայտվելու և սեփական գաղափարներն իրականացնելու լավագույն հարթակն է ուսանողի համար: Ուստի մեր ուսանողությանը  խորհուրդ եմ տալիս հնարավորինս ակտիվ ու նախաձեռնող լինել: Մեր երիտասարդության լավագույն տարիները հենց համալսարանում են անցնում, ուստի դրանք պետք է հիշարժան դարձնել:

 

Զբոսաշրջությունը՝ որպես երկրի զարգացման հիմնական և առաջնային ուղղություն ….

 

Զբոսաշրջության զարգացման համար մենք նախևառաջ պետք է ընդունենք կայուն զարգացման հստակ կոնցեպցիա իր երեք բաղադրիչներով՝ սոցիալական, տնտեսական ու բնապահպանական, որոնց բալանսավորումն էլ կնախանշի պետության զարգացումը: Այն մեզ հնարավորություն կտա նաև մեր երկրի ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելու՝ առավելագույն քիչ վնասով, ինչն էլ կայուն զարգացման հիմնական գաղափարախոսությունն է: Հայաստանը մեծ ներուժ ունի զբոսաշրջության ոլորտում: Շատ հետաքրքիր ոլորտ է զբոսաշրջությունը, որը կարող ենք հաջողությամբ համադրել այլ բնագավառների հետ: Կարևոր դեր կարող է խաղալ նաև դրսի փորձի ուսումնասիրությունը և հետագայում դրա արտացոլումը մեր երկրում: Հուսամ՝ մեր սերնդին կստացվի ապրել այնպես, որ գալիք սերնդի ապագան վտանգված չլինի: Բոլորին, մասնավորապես երիտասարդներին, խորհուրդ եմ տալիս չկոտրվել ոչ մի պարագայում և մնալ հայրենիքում, որի զարգացումն ու բարգավաճում մեր ձեռքերում են: Դրանք պետք է լինեն յուրաքանչյուր երիտասարդի հիմնական առաքելությունը: Չնայած արտերկրում առաջարկներն ավելի գրավիչ են, բայց մերը Հայաստանն է, մենք՝ Հայաստանինը. մենք ենք այս պետության ապագան:

 

Վարդուհի Զաքարյան

 

Այլ նորություններ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳՆ ԱՐՑԱԽՈՒՄ․ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԿՈՉՈՎ
2022 թ․ հուլիսի 15-19-ը ԵՊՀ-ում և Հայ Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում տեղի է ունեցել «Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով, որի ընթացքում ավելի քան երեսուն օտարերկրյա և հայ գիտնականներ ու փորձագետներ քննարկել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մշակութային արժեքների ստեղծման, պատմական զարգացման և ներկայիս վտանգվածության խնդիրները։
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Այսօր հայոց պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով «Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի» (ԿՄՕ) մասնակիցները շրջայց են կատարել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարանում, այնուհետև ճանաչողական էքսկուրսիա իրականացրել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: