18.10.2021 | 
Կրթություն
ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ. ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ. ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ իրականացվող «Հաղորդավարական գործ և եթերային խոսքի մշակույթ» աշնանային դպրոցն այսօր ամփոփեց իր աշխատանքները:

Ապագա լրագրողների՝ աշնանային դպրոցի մասնակիցը լինելու մասին հավաստող  վկայագրերը հանձնվեցին Հանրային հեռուստաընկերությունում: Արարողությանը ներկա էին ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը,  ինչպես նաև «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

 

«Այն, ինչ սովորեցիք ու յուրացրիք աշնանային դպրոցի ընթացքում, վաղը ձեզ անպայման պետք է գալու մեր գործընկերը դառնալու համար: Պետք է նշել՝ մենք հետաքրքրված ենք, որ հեռուստաընկերությունում կադրային փոփոխությունները հիմնված լինեն միայն մասնագիտական կարողությունների վրա, ուստի կրթական ծրագրերն այսուհետ առաջնահերթ են լինելու»,- նշեց Հովհաննես Մովսիսյանը և ընդգծեց, որ ԵՊՀ-ի հետ կնքված հուշագրի համաձայն՝ այցելությունները շարունակական բնույթ են կրելու, ինչն ուսանողներին հնարավորություն կտա ավելի մոտիկից տեսնելու հեռուստալրագրողի աշխատանքը:

 

 

«Աշնանային դպրոցը Հանրային հեռուստաընկերության ու Ժուռնալիստիկայի ֆակուլտետի համագործակցության առաջին շոշափելի արդյունքն էր: Վստահ եմ, որ նմանօրինակ արդյունքներ դեռ շատ կգրանցվեն: Սա նաև բուհ-գործատու գործակցության շատ կարևոր նախադեպ է: Այս ճանապարհը սկսելիս մենք պարզ գիտեինք՝ ուր էինք ուզում հասնել. նպատակը շատ հստակ էր, ուստի արդյունքն էլ գոհացնող էր»,- ասաց Էլինա Ասրիյանը:

 

 

Շնորհավորելով մասնակիցներին՝ Նաղաշ Մարտիրոսյանը նշեց. ««Հաղորդավարական գործ և եթերային խոսքի մշակույթ» աշնանային դպրոցն առաջինն է և հետաքրքիր շարունակություն է ունենալու… Երկրի Մայր հեռուստաընկերության և Մայր բուհի գործակցության, ֆորմալ կրթությունը ոչ ֆորմալ կրթությանը զուգորդելու լայն հնարավորություններ են ստեղծվել, որի համար պետք է շնորհակալության իմ խոսքն ասեմ հանրայինի մեր գործընկերներին»:

 

 

Դեկանը հավելեց նաև, որ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը յուրովի է նախապատրաստվում Հայաստանի Մայր հեռուստաընկերության հիմնադրման, ըստ էության՝ մեզնում հեռուստատեսության ստեղծման 65-ամյակին: Նոյեմբերի 25-ին և 26-ին կմեկնարկի այդ հոբելյանին նվիրված գիտաժողովը՝ «Հարցեր մեդիայից և հարցեր մեդիային. ձևակերպելով նոր իրականություններ» խորագրով, որին կմասնակցեն նաև գործընկերներ տարբեր բուհերից:

 

 

Այնուհետև Հովհաննես Մովսիսյանը հավաստագրեր հանձնեց աշնանային դպրոցի մասնակիցներին, որից հետո մասնագիտական մի շարք հարցերի շուրջ քննարկում ծավալվեց:

Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը ճանաչողական շրջայց էր կազմակերպել համալսարանականների համար: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն այցելեցին ՀԸ տաղավարներ, ծանոթացան մեդիանյութերի արխիվացման գործընթացներին, ինչպես նաև հեռուստաընկերության պատմական ուղուն:

 

 

Հավելենք, որ Հանրային հեռուստաընկերություն ճանաչողական այցերը շարունակական են լինելու, մասնավորապես համալսարանականները երկրի գլխավոր ՀԸ կայցելեն նաև հոկտեմբերի 20-ին:

 

 

Հիշեցնենք նաև, որ «Հաղորդավարական գործ և եթերային խոսքի մշակույթ» աշնանային դպրոցի աշխատանքները մեկնարկել էին հոկտեմբերի 11-ին:

Այլ նորություններ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱԼԻ 220-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել ռուս գրող, բառարանագիր, ազգագրագետ Վլադիմիր Դալի 220-ամյակին նվիրված միջոցառումը:
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրային ռադիոյում այսօր տեղի է ունեցել Հանրային ռադիոյի և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի համատեղ կազմակերպած «Ռադիոլրագրության վարպետություն» աշնանային դպրոցի բացման արարողությունը: