20.07.2021 | 
ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, շրջանավարտների ծնողներ և ընկերներ:

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ ներկաներին ողջունեց ֆակուլտետի դեկանի տեղակալ Վահրամ Վարդանյանը:

 

Վերջինս շնորհավորեց շրջանավարտներին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն ավարտելու կապակցությամբ:

«Նրանց, ովքեր ավարտում են բակալավրիատը, մաղթում եմ, որ ուսումը շարունակեն մեր մագիստրատուրայում, իսկ ովքեր ավարտում են մագիստրատուրան, շատ լավ կլիներ, որ ընդունվեն ասպիրանտուրա և դառնան մեզ փոխարինող կադրեր»,- ասաց պարոն Վարդանյանը:

 

Մեզ հետ զրույցում Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի բաժնի ուսանողուհի Արմինե Թովմասյանը նշեց, որ առանձնահատուկ հպարտություն է զգում կարմիր դիպլոմով ավարտելու կապակցությամբ:

 

«Գիտելիքը միայն գիտական տերմիններն ու հասկացությունները չեն, այլ նաև այն ամենը, ինչը մենք ձեռք ենք բերում ուսանողական տարիների ընթացքում, և դա մեզ ձևավորում է որպես մարդ»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա հույս հայտնեց, որ հետագայում կկարողանա որպես մասնագետ իրեն լավ դրսևորել, և կարմիր դիպլոմն իսկապես արդարացված կլինի: