25.11.2022 | 
Կրթություն, Գիտություն
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔՆ ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԵՊՀ ՈՒԳԸ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ» ՏՊԱԳԻՐ ՀԱՏՈՐՆԵՐՈՒՄ. ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔՆ ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԵՊՀ ՈՒԳԸ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ» ՏՊԱԳԻՐ ՀԱՏՈՐՆԵՐՈՒՄ. ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների՝ 1.1 (35), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (36) համարների շնորհանդեսը:

Պարբերականի նոր համարներում տեղ են գտել 54 հոդվածներ, որոնք նախապես անցել են մասնագիտական գրախոսության փուլ, ապա՝ երաշխավորվել տպագրության:

 

ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Մերի Փանոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուն» կառույցի ոչ միայն բովանդակային հիմքն է, այլև կատարած աշխատանքի գլխավոր ցուցիչը, որով այն տարբերվում է ուսանողական մյուս կառույցներից:

 

 

Անդրադառնալով գիտական հոդվածներ գրելու դերին ու երիտասարդների շրջանում դրանց վերաբերյալ հետաքրքրություն առաջացնելուն ուղղված միջոցառումներին՝ Մ. Փանոսյանը շեշտեց․ «ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում կան հոդվածագրության ակումբներ, որտեղ հիմնականում բանախոսում են ասպիրանտներ և այլ հետազոտողներ: Ուսանողների հետ հանդիպումների ժամանակ նրանք ներկայացնում են իրենց՝ հոդված գրելու փորձը, պատասխանում այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ ինչպե՞ս կարող են  սկսել գիտական գործունեությունը, ի՞նչ սկզբունքներ ու մեթոդաբանություն է կիրառվում գիտական հոդված գրելիս և այլն: Կարելի է ասել, որ նրանք իրենց փորձով ոգեշնչում են ուսանողներին և ցույց տալիս, որ գիտությունը մեր օրերում ևս կարևոր ու գրավիչ է»:

 

ԵՊՀ ՈՒԳԸ հիմնադրման 75-ամյակին նվիրված շնորհանդեսի շրջանակում գիտական հոդվածներ գրելու կարևորությանն անդրադարձավ նաև ԵՊՀ ՈՒԳԸ 1998-2001 թթ․ նախագահ, տեխ․ գիտ․ թեկն․, դոցենտ Ռուբեն Մարկոսյանը՝ կարդալով «Գիտական հրապարակումների դերն ու նշանակությունը ներկայացնելով ուսումնառության գործընթացում» թեմայով բանախոսություն:

 

 

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Մարիամ Տաշյանի «Մայրաքաղաքային գործոնի ազդեցությունը սերվիսում Արգավանդ համայնքի օրինակով» թեմայով հոդվածը ևս ընդգրկված է ժողովածուի մեջ:

 

 

Մեզ հետ զրույցում մատնանշելով ուսանողական տարիներին գիտական հոդված գրելու կարևորությունը՝ Մարիամը նշեց. «Հատկապես ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահները պետք է օրինակ լինեն կառույցի անդամների համար և գիտահետազոտական աշխատանքներ կատարեն: Կարելի է ասել՝ այդպիսի աշխատանքների միջոցով ամփոփում ես ստացածդ գիտելիքը: Այս առումով ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը տալիս է բացառիկ հնարավորություն առաջին քայլն անելու գիտական ոլորտում և դեռևս ուսանողական տարիներին ունենալու տպագրված հոդվածներ»:

 

 

Նշենք, որ ԵՊՀ ՈՒԳԸ ժողովածուի նոր հատորների շնորհանդեսի ավարտին միջոցառմանը ներկա բոլոր հոդվածագիրներն ստացան ժողովածուի մեկական օրինակ։

Այլ նորություններ
ՀՀ-ՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնին առընթեր գործող Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնը կրկին հյուրընկալել էր ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Դեսպանը կենտրոնի գրադարանին է նվիրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեղինակած գրքերը:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԴԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ․ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ
21-րդ դարը նորարարական բացահայտումների ժամանակաշրջան է, որում մեծ դերակատարում ունեն տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ)։ Դրանք ներթափանցել են մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներ՝ առաջարկելով առօրյայի և աշխատանքային գործընթացների դյուրին ու արդյունավետ կազմակերպման ուղիներ։