11.11.2022 | 
Ուսանողական, Կրթություն
ԹՎԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԹՎԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ուսանողական խորհրդի և «Հայսել» կազմակերպության համագործակցության շրջանակում տեղի ունեցավ «Բիզնես և ավտոմատացում» խորագրով սեմինար-քննարկում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով հետաքրքրվողների և նրանց համար, ովքեր ցանկանում են ապագայում դառնալ բիզնես սեփականատերեր։

Սեմինարի հրավիրյալ բանախոս, «Հայսել» կազմակերպության մարքեթինգի բաժնի ղեկավար Սարգիս Հակոբյանը ներկայացրեց, թե ինչ է մեքենայացումը, որոնք են բիզնեսի թվային տեխնոլոգիաները, ինչպես է հնարավոր մարդկային ներուժը փոխարինել մեքենայացմամբ և թե ինչ առավելություններ ունի դա։

 

 

Ս․ Հակոբյանը, անդրադառնալով բիզնեսի թվայնացման ու ավտոմատացման գործիքներին, վաճառքի ավտոմատացման ծրագրի օրինակով ցույց տվեց՝ ինչպես է հեշտանում բիզնեսում բազմաթիվ աշխատանքների ընթացքը, ինչն առաջին հերթին նպաստում է ժամանակի խնայողությանը։ Բանախոսը ներկայացրեց նաև հաջողության հասած ապրանքանիշների հետաքրքիր պատմությունները՝ նպատակ ունենալով ոգեշնչելու ուսանողներին։

 

Կազմակերպության մարքեթինգի բաժնի ղեկավարը, մեզ հետ զրույցում մատնանշելով համալսարանների, մասնավորապես Երևանի պետական համալսարանի հետ համագործակցելու դերն ու նշանակությունը, ասաց․ «Մեզ համար շատ կարևոր է համալսարանների, հատկապես ԵՊՀ-ի դերը ՏՏ ոլորտի զարգացման գործում, որովհետև մենք ներկայացնում ենք բիզնես մոդելներն ու բիզնեսի զարգացումը և շատ ենք կարևորում, որ մեր հետագա գործունեության մեջ ներգրավված լինեն համալսարանականները։ Վստահ ենք՝ հենց նրանք  են ապագայում դառնալու ՀՀ տնտեսության զարգացնողները»։

 

 

Ընդգծելով ՏՏ ոլորտում ԵՊՀ ուսանողների ներգրավվածության անհրաժեշտությունը՝ բանախոսը նշեց, որ պատահական չէ՝ բուհերի հետ համագործակցության մեկնարկը տրվել է հենց ԵՊՀ-ից, քանի որ վերջինս իրենց կազմակերպության համար միշտ եղել է ամենապահանջված բուհերից մեկը։ Ս․ Հակոբյանի կարծիքով՝ ԵՊՀ ուսանողներն ունեն ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքներ, մասնագիտական հմտություններ ու կարողություններ։ Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակը կընդլայնվի և կլինի շարունակական։

 

ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ուսանողական խորհրդի նախագահ Նանա Վիրաբյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով քննարկվող թեմայի արդիականությանը և կարևորությանը, նշեց, որ ժամանակակից աշխարհում մեքենայացման միտումը շատ մեծ է, և դա հատկապես արդյունավետ և կիրառելի է բիզնեսում։ Նրա խոսքով՝ շարունակ ստեղծվում են բիզնեսի թվայնացման գործիքներ, իսկ առկա գործիքներն անընդհատ թարմացվում են և զարգանում։ Բիզնես սեփականատերերը, օգտվելով աշխատանքի դյուրինությանը նպաստող գործիքներից, կարող են մեծ հաջողությունների հասնել։

 

 

Հանդիպումն ամփոփվեց հարցուպատասխանով և մտքերի փոխանակմամբ, իսկ վերջում Սարգիս Հակոբյանը նշեց, որ իրենց կազմակերպությունում աշխատել ցանկացող ԵՊՀ ուսանողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականն ուղարկել info@haysell.com էլհասցեին։

Այլ նորություններ
ՀՀ-ՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնին առընթեր գործող Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնը կրկին հյուրընկալել էր ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Դեսպանը կենտրոնի գրադարանին է նվիրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեղինակած գրքերը:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԴԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ․ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ
21-րդ դարը նորարարական բացահայտումների ժամանակաշրջան է, որում մեծ դերակատարում ունեն տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ)։ Դրանք ներթափանցել են մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներ՝ առաջարկելով առօրյայի և աշխատանքային գործընթացների դյուրին ու արդյունավետ կազմակերպման ուղիներ։