05.12.2006 | 
Հասարակություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ ԱՎԱԳ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ ԱՎԱԳ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ
«Մարդկային մուտացիայի արդյունքում, ըստ Թաթուլ Մանասերյանի, ծնվել է Շավարշ Քոչարյանը»:

Հայաստանյան լրատվական իրականության մեջ նման արտահայտությունները, վիրավորական վերաբերմունքը այս կամ այն մարդու նկատմամբ բացահայտ են եւ անընդունելի: Լրագրողի էթիկական նորմերի պահպանումը այդ ոլորտում աշխատող յուրաքանչյուր մարդու պարտականությունն է: Ցավոք, շատ քիչ լրատվամիջոցներ կան, որ ունեն հստակ ձեւակերպված էթիկական նորմեր, բայց «օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից»:

2006 թ-ի ընթացքում հայկական զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած բազմաթիվ սխալների, էթիկական խախտումների մասին են խոսում Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները: Արդեն 4-րդ անգամ ֆակուլտետում անցկացվում է «Էթիկական հիմնախնդիրները հայկական ԶԼՄ-ում» թեմայով գիտաժողով: Նախաձեռնողները ֆակուլտետի դասախոսներ Շուշան Դոյդոյանը եւ Լիանա Սայադյանն են, կազմակերպիչը` ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:

Գիտաժողովին ներկայացված էր 5 աշխատանք: Լիանա Սայադյանը նշեց, որ ամեն տարի իրենք փորձում են նոր ուսանողներ ընդգրկել հետազոտական այս աշխատանքներին: Նախորդ տարի ուսումնասիրվել են ոչ միայն տպագիր լրատվամիջոցները, այլեւ` օն-լայն: Այս տարի վերլուծությունների շրջանակը մեծացել է` ընդգրկելով նաեւ մասնավոր եւ հանրային հեռուստաընկերությունները:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Սոնա Մարտիրոսյանի թեման էր «Էթիկական հիմնախնդիրները մասնավոր հեռուստաընկերություններում` «Կենտրոն» եւ «Շանթ» հեռուստաընկերությունների լրատվական-վերլուծական հաղորդումների օրինակով»: Հեղինակը շեշտը դրել էր թաքնված գովազգի առկայության վրա: «Ավելի լավ է այդ ընկերությունները դառնան մի կուսակցության պաշտոնական խոսափողը, քան ավելորդ խոսակցությունների առիթ տան»,- վստահ է Սոնան:

Թե ինչքանով նման գիտաժողովները կփոխեն լրատվամիջոցների աշխատաոճը, դժվար է ասել: Պարզ է մի բան. գրեթե ոչ մի հրավիրված լրատվամիջոցի ներկայացուցիչ չէր եկել իմանալու, թե ինչ դիտողություններ ունեն ապագա լրագրողները իրենց ավագ գործընկերներին: Սոնան կարծում է, որ կամ նրանք վախենում են իրենց մասին ճշմարտությունն իմանալ, կամ արհամարհում են նման երեւույթները: Դասախոս Լիանա Սայադյանն էլ վստահ է, որ քանի դեռ չկա որեւէ բան փոխելու հասարակական պահանջ, ամեն ինչ կմնա նույնը:

Այլ նորություններ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ. ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր «Հանրային դիվանագիտություն 2021» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվել է «Արևելյան գործընկերության դերն ու նշանակությունն Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրների վերափոխման գործընթացում. Հայաստանի փորձը» թեմայով սեմինար-քննարկում:
ԵՊՀ-Ն ՈՒ ՀԱԱՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ. ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր համագործակցության համաձայնագիր են ստորագրել: