22.11.2022 | 
Կրթություն, Գիտություն
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Դասավանդման և ուսումնառության մեթոդներ» խորագրով քննարկում, որի շրջանակում ներկայացվեցին «Էրազմուս+» ԵՄ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ամենամեծ ծրագրի շրջանակում առաջարկվող լավագույն փորձն ու հնարավորությունները, ինչպես նաև բարձրաձայնվեցին ծրագրի իրագործման ընթացքում առաջացած խնդիրները։

Երևանի պետական համալսարանի, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղ ջանքերով կազմակերպված հանդիպման նպատակն էր քննարկել բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրերը՝ «PRINTeL», «ABIONET», «TOPAS»., «MENVIPRO», «REFINE»։

 

Վերոնշյալ ծրագրերում ուսումնասիրվել են դասավանդման մեթոդների և աշխատաշուկայի պահանջների համապատասխանությունը, ուսումնական ծրագրերում նորարարությունների և կարճաժամկետ դասընթացների ներդրումը և կարևորագույն այլ հարցեր, որոնք տեսանելի են դարձրել կրթական ծրագրերի արդիականությունն ու միջազգայնացումը:

 

ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, մատնանշելով նախաձեռնված հանդիպման էական նշանակությունը, ասաց, որ դասավանդման և ուսումնառության վերաբերյալ փորձագիտական քննարկումները կրթական գործընթացում կարևորագույն դեր ունեն:

 

 

Է. Ասրիյանն ընդգծեց, որ Երևանի պետական համալսարանում իրագործվում են մի շարք այլ ծրագրեր, որոնք ևս առնչվում են կրթական նոր մոտեցումներին, մեթոդաբանությանը և այլն:

 

«Պատասխանատվությունը և հետաքրքրությունն ընտրված թեմայի վերաբերյալ իսկապես կարևոր են: Սա լավագույն հնարավորությունն է բարձրաձայնելու այնպիսի խնդիրներ, որոնք անհանգստացնում են կրթության ոլորտի մեր գործընկերներին: Լիահույս եմ, որ լավագույն փորձի ներկայացումը մեծապես կնպաստի առկա խնդիրների լուծմանը»,- հավելեց պրոռեկտորը։

 

Է․ Ասրիյանը նաև անդրադարձավ համալսարանի չորս ֆակուլտետներում կյանքի կոչված ուսուցման նոր մոդելին, որի հիմքում բուհ-գործատու համագործակցությունն է և աշխատանքի հնարավորությունը։

 

Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, ընդգծելով քննարկվող թեմայի կարևորությունը և ընդգրկունությունը, փաստեց, որ ծրագիրը միավորում է կրթության ոլորտի ներկայացուցիչներին և ստեղծում բացառիկ հնարավորություն լավագույն և օրինակելի փորձը ներկայացնելու, դա կիրառելու, ինչպես նաև առկա խոչընդոտները վերհանելու։

 

 

ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն իր խոսքում ընդգծեց այսօրինակ քննարկումների դերն ու նշանակությունը և վստահեցրեց, որ դրանք շարունակական են լինելու: Խոսելով թեմայի ընտրությունից՝ Կ. Թռչունյանը նշեց, որ այն պայմանավորված է բուհական համակարգում առկա խնդիրների (կրթության բովանդակություն, կրթության կազմակերպում) վերհանման կարևորությամբ:

 

Անդրադառնալով հիշյալ խնդիրներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշեց, որ ներկայում անհրաժեշտություն կա բուհերում ձևավորելու մասնագիտական կարծիքներ արտահայտող խումբ, որն ակադեմիական մակարդակում կբարձրաձայնի առկա խնդիրները և կտրամադրի խորհրդատվություն: 

 

 

 

Կ. Թռչունյանը հույս հայտնեց, որ մոտակա ամիսներին կլինեն տեսանելի արդյունքներ, և նոր ուստարում կկարողանանք ժամանակակից մեթոդները ներդնել մեր բուհական համակարգում։

 

Նշենք, որ Երևանի պետական համալսարանում պարբերաբար կազմակերպվում են նմանօրինակ քննարկումներ, որոնց շրջանակում ոչ միայն մատնանշվում են կրթական գործընթացում առկա խնդիրները, այլև առաջարկվում են արդյունավետ լուծումներ և նոր մոտեցումներ՝ նպատակաուղղված կրթական որակի բարելավմանը և միջազգային լավագույն փորձի ներդրմանը։

Այլ նորություններ
ՀՀ-ՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնին առընթեր գործող Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնը կրկին հյուրընկալել էր ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Դեսպանը կենտրոնի գրադարանին է նվիրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեղինակած գրքերը:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԴԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ․ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ
21-րդ դարը նորարարական բացահայտումների ժամանակաշրջան է, որում մեծ դերակատարում ունեն տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ)։ Դրանք ներթափանցել են մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներ՝ առաջարկելով առօրյայի և աշխատանքային գործընթացների դյուրին ու արդյունավետ կազմակերպման ուղիներ։