30.04.2021 | 
ԱՎԱՐՏՎԵՑ «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2021» ԵՌՕՐՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ. ԵՊՀ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ ԷՐ ԻՐ ՏԱՂԱՎԱՐՈՎ
ԱՎԱՐՏՎԵՑ  «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2021» ԵՌՕՐՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ. ԵՊՀ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ ԷՐ ԻՐ ՏԱՂԱՎԱՐՈՎ
«Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում այսօր ընթանում էր «Կրթություն և կարիերա EXPO-2021» ցուցահանդեսի երրորդ օրը, որտեղ, ինչպես արդեն նշվել է, առանձին տաղավարով ներկայանում էր ԵՊՀ-ն:

Ցուցահանդեսի վերջին օրը ԵՊՀ տաղավարում ներկայացվեց Պատմության, Հայ բանասիրության, Փիլիսոփայության և հոգեբանության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության  ֆակուլտետների ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի գործունեությունը:

 Մեզ հետ զրույցում ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողուհի Սյունե Ստեփանյանը  ներկայացրեց Պատմության ֆակուլտետը. «Մեր ֆակուլտետի ապագա ուսանողները հնարավորություն ունեն ոչ միայն որակյալ բարձրագույն կրթություն ստանալու, այլ նաև իրենց ուսումն արտասահմանում շարունակելու և անգամ այնտեղի թանգարաններում աշխատելու»:

 

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի տաղավարում ուսանողները նույնպես  ներկայացնում էին ֆակուլտետի առաջարկած ուսումնական ծրագրերը, ինչպես նաև աշակերտներին պատմում էին մարդկային  հոգեբանության ուսումնասիրության կարևորությունը:

Ցուցահանդեսին մասնակից ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության  ֆակուլտետի ուսանողներն այցելուներին իրազեկում էին օտար լեզուների ակադեմիական ուսումնասիրության կարևորության և ուսումը դրսում շարունակելու հնարավորությունների մասին:

Հիշեցնենք նաև, որ ԵՊՀ-ն երեք օրերի ընթացքում մշտական ցուցադրությամբ տրամադրել է բուհի մասին ընդհանուր և դիմորդներին անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև ցուցադրվել է աշխարհի հնագույն՝ 5000-ամյա կաշվե կոշիկի կրկնօրինակը (ԵՊՀ պատմության թանգարան):

 

Մեզ հետ զրույցում Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը նշեց, որ շատ է կարևորում նմանօրինակ  ցուցահանդեսները, քանի որ դրանք հնարավորություն են ընձեռում աշակերտներին և ուսանողներին կողմնորոշվելու մասնագիտական ընտրության ու կրթական ծրագրերի ընտրության հարցերում:

Ցուցահանդեսի Կոնֆերանս սրահում ցուցադրվեցին նաև տեսանյութեր, որոնք պատմում էին  ԵՊՀ-ի միջազգային գործունեության և համագործակցությունների  մասին: