04.01.2023 | 
Կրթություն, Գիտություն
ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՒՄԲՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ՍՊԱՌՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՒՄԲՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ՍՊԱՌՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
Երևանի պետական համալսարանը գիտական ներքին դրամաշնորհների մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորել սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանի ղեկավարած «Կեղծ լուրերի տարածման և սպառման մեխանիզմները սոցիալական ցանցերում» գիտական թեման:

Նպատակ ունենալով բացահայտել սոցցանցերում հայաստանյան օգտատերերի կողմից կեղծ լուրերի ստեղծման, տարածման և սպառման հաղորդակցական մեխանիզմները և առանձնահատկությունները՝ գիտական խմբի ղեկավար Ա. Աթանեսյանն ասաց, որ կեղծ լուրերի հիմնախնդիրն առնչվում է տարատեսակ խմբերին՝ պետություններից մինչև տեխնոլոգիական ընկերություններ, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու անհատներ:

         

Մեզ հետ զրույցում անդրադառնալով ուսումնասիրվող թեմայի արդիականությանը՝ Ա. Աթանեսյանը նշեց. «Այս խմբերից յուրաքանչյուրը կեղծ լուրերի արտադրության և սպառման գործում ունի իր ուրույն դերն ու շարժառիթները։ Դրանք չեն վերաբերում միայն լրատվամիջոցներին և նորություններ սպառող խմբերին, այլ շոշափում են ներկայիս տեղեկատվական դարաշրջանին բնորոշ շատ ավելի խորքային հասարակական գործընթացներ»:

 

Կեղծ լուրերը տեղեկատվական ներկա դարաշրջանին բնորոշ ամենաարդիական և միաժամանակ ամենաբարդ երևույթներից են։ Դրանք բնորոշ են զանգվածային  հաղորդակցությանը և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ՝ ստանում են նոր դրսևորումներ թե՛ ձևավորման և թե՛ տարածման մեխանիզմների տեսանկյունից։

 

         

Խոսելով կեղծ լուրերի բացասական հետևանքներից՝ Ա. Աթանեսյանն ընդգծեց. «Կեղծ լուրերի տարածումն ապակողմնորոշում է հասարակությանը, ստեղծում տեղեկատվության այլընտրանքային ուղղություններ, որոնց միջոցով հնարավոր է պառակտել հասարակությանը, հրահրել հանրային վախեր, տարածել ապազգային գաղափարներ, ստեղծել տեղեկատվական անվտանգության սպառնալիքներ»:

 

Այժմ գիտական խումբը մշակում և զարգացնում է սոցցանցերում կեղծ լուրերի՝ որպես վիրտուալ տեղեկատվահաղորդակցական գործընթացների բաղադրիչի հետազոտման տեսական-հայեցակարգային հիմքերն ու մոտեցումները, փորձում է բնութագրել համացանցային մեխանիզմները և հնարավորությունները սոցիալ-քաղաքական ոլորտում կեղծ լուրերի ստեղծման և տարածման առումով, տիպաբանում է սոցցանցերի հայաստանյան սպառողներին՝ ըստ հաղորդակցական վարքի առանձնահատկությունների (կեղծ լուրերի ստեղծում, տարածում, սպառում, քննարկում, հավանում, մերժում, ստուգում և այլն), գնահատում է հայաստանյան օգտատերերի շրջանում կեղծ լուրերի վերաբերյալ գիտելիքներն ու պատկերացումները, բնութագրում է  այն թեմատիկ հիմնախնդիրները և ուղղություն­ները, որոնցով հիմնականում տարածվում են կեղծ տեղեկություններ։

 

Ըստ գիտական խմբի ղեկավարի՝ ուսումնասիրությունների ժամանակ կիրառվելու է միջառարկայական մոտեցում կամ, այլ կերպ ասած, սոցիոլոգիայի ու հարակից գիտությունների շրջանակում մշակված հետազոտական ժամանակակից մեթոդների համախումբ։

 

Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակում սոցիոլոգիայի ֆակուլտետում դասավանդել է ՌԴ Ուրալի դաշնային համալսարանի սոցիոլոգիայի և պետական կառավարման ամբիոնի պրոֆեսոր Ելենա Շուկլինան:

 

          Կարինե Հովհաննիսյան

Այլ նորություններ
ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ԱՌԿԱ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային և ընթացիկ հարցերով տեղի է ունեցել ԵՊՀ նոր ձևավորված գիտխորհրդի առաջին նիստը, որի ժամանակ հաստատվել են հանձնաժողովների կազմերը, քննարկվել և ընդունվել են մի շարք կանոնակարգեր ու ընթացակարգեր։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ: