23.11.2022 | 
Կրթություն, Մշակույթ
ԵՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Ֆրունզե Դովլաթյանի 95-ամյակին նվիրված հանդիպում-քննարկում, որի ընթացքում ցուցադրվեց «Ապրեցե՛ք երկար» ֆիլմը:

Քննարկմանը ներկա էին ջազային երաժիշտ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Մարտին Վարդազարյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, նախկին ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը և Ազգային կինոկենտրոնի մարքեթինգի բաժնի վարիչ Ռուզաննա Ալեքսանյանը:

 

 

ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ կինոակումբի շրջանակում կազմակերպվող քննարկումների կարևորությանը: Նրա խոսքով՝ դրանց միջոցով բարձրաձայնվում են կինոարվեստում արծարծվող արդիական մի շարք խնդիրներ:

 

«Կինոակումբի շրջանակում կազմակերպվում են քննարկումներ ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան ֆիլմերի վերաբերյալ: Շատ կարևոր է, որ նոր սերունդը ընկալի դրանց էությունն ու նշանակությունը: Այսօրվա հանդիպումը բացառիկ հնարավորություն էր ուսանողների համար՝ տալու իրենց հետաքրքրող հարցերը կինոյի մեծանուն ներկայացուցիչներին»,- նշեց Կ. Դավթյանը:

 

 

 

Անդրադառնալով կինոակումբի գործունեությանը և դրան անդամակցող ուսանողներին ընձեռված հնարավորություններին՝ Կ․ Դավթյանը կարևորեց Ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությունը և ընդգծեց. «Ազգային կինոկենտրոնն ունի իր թերթը, որտեղ ԵՊՀ ուսանողները հնարավորություն ունեն տպագրելու կինոյի վերաբերյալ իրենց տեսակետներն ու վերլուծությունները, որոնք հաճախ հաղթում են տարբեր ձևաչափերով անցկացվող մրցույթներում»:

 

Արվեստի ականավոր ներկայացուցիչ Մարտին Վարդազարյանը մեզ հետ զրույցում մատնանշեց կինոյում ռեժիսոր-երաժիշտ գործակցային կապը՝ վստահեցնելով, որ կինոյում լավ կամ վատ երաժշտություն չկա կա ճիշտ երաժշտություն: 

 

 

«Ճիշտ է այն երաժշտությունը, որը համապատասխանում է տիրող ժամանակի «մթնոլորտին»: Դրանից զատ՝ շատ հասարակ հնչյունների հարաբերակցությունը գեղագիտական արժեք կարող է չներկայացնել, սակայն ֆիլմում կարող է ունենալ այլ նշանակություն: Այս է պատճառը, որ ֆիլմի երաժիշտը պետք է լինի բազմակողմանի մտածող և ունենա այն գիտակցումը, որ գրում է երաժշտություն ֆիլմի համար և ոչ իր անվան: Նա, կարելի է ասել, պետք է տեսանելի դարձնի այն, ինչ չի երևում, այլ կերպ ասած՝ լսելի դարձնի տեսանելին և հակառակը, քանի որ երբեմն հնչյունն առավել ազդեցիկ է, քան պատկերը»,- ընդգծեց Մ. Վարդազարյանը:

 

 

Նշենք, որ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի կինոակումբի շրջանակում պարբերաբար ցուցադրվում են տարբեր ժամանակների ֆիլմեր։ Կինոդիտումներին ներկա են լինում ոլորտի մասնագետներ և կարկառուն ներկայացուցիչներ, որոնց հետ ծավալվում են թեմատիկ քննարկումներ:

Այլ նորություններ
ՀՀ-ՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնին առընթեր գործող Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնը կրկին հյուրընկալել էր ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Դեսպանը կենտրոնի գրադարանին է նվիրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեղինակած գրքերը:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԴԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ․ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ
21-րդ դարը նորարարական բացահայտումների ժամանակաշրջան է, որում մեծ դերակատարում ունեն տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ)։ Դրանք ներթափանցել են մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներ՝ առաջարկելով առօրյայի և աշխատանքային գործընթացների դյուրին ու արդյունավետ կազմակերպման ուղիներ։