02.12.2022 | 
Կրթություն, Գիտություն
ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ. ԱՄՓՈՓՎԵՑ ԹԲԻԼԻՍԻԻ «ԳՅՈԹԵ» ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԵՏ ԻՐԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐԸ
ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ. ԱՄՓՈՓՎԵՑ ԹԲԻԼԻՍԻԻ «ԳՅՈԹԵ» ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԵՏ ԻՐԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐԸ
Ծրագրի՝ գերմաներենի դասավանդման ժամանակակից մեթոդները յուրացրած մասնակից ուսանողներին հանձնվեցին հավաստագրեր:

Դասընթացի շրջանակում ուսանողները ձեռք են բերել տեքստերի շուրջ տարվող աշխատանքների, լսարանի հետ ծանոթանալու, տեղեկատվությունն առավել գրավիչ ներկայացնելու և այլ մեթոդների վերաբերյալ հմտություններ:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ Գայանե Սավոյանը փաստեց՝ ծրագիրը գերազանցել է սպասելիքները: Նրա խոսքով՝ ուսանողների ոգևորվածությունը առիթ է տալիս մտածելու այն որպես առարկայական դասախոսությունների բաղկացուցիչ մաս դարձնելու ուղղությամբ:

 

 

«Վստահաբար ասում եմ, որ այս ծրագիրը դասավանդման մեթոդների հետ կապված բազմաթիվ կարծրատիպեր կոտրեց և մասնակից ուսանողների համար հիմք դարձավ վերարժևորելու մանկավարժի դերն ու նշանակությունը»,- շեշտեց Գ. Սավոյանը:

 

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դասախոս, «Գյոթե» ինստիտուտի ներկայացուցիչ և ծրագրի շրջանակում վերապատրաստում իրականացնող Մերի Նավասարդյանը ևս ընդգծեց ծրագրի ունեցած հաջողությունը: Մեզ հետ զրույցում խոսելով դասընթացների արդյունավետությունից՝ Մ. Նավասարդյանը նշեց, որ յուրաքանչյուր դասընթաց ամփոփվել է «ի՞նչ տվեց դասընթացը» հարցադրմամբ: Նրա խոսքով՝ դա ևս դասավանդման ժամանակակից մեթոդիկայի բաղադրատարր է։

 

 

«Այս դասընթացն ապացուցեց, որ ուսանողներին մոտիվացված պահելու գլխավոր գործոններից է նաև դասավանդման մեթոդաբանությունը: Հատկանշական է, որ ստեղծված պայմաններն ու միջավայրը ցույց տվեցին, թե որքան պրպտող են մեր ուսանողները: Լիահույս եմ, որ համագործակցության շրջանակում կիրագործվեն այլ ծրագրեր ևս»,- ամփոփելով խոսքը՝ ասաց Թբիլիսիի «Գյոթե» ինստիտուտի ներկայացուցիչը:

 

Հատկանշական է, որ ծրագրի շրջանակում ուսանողները կատարել են խմբային տարբեր աշխատանքներ, ինչը, վերապատրաստողի կարծիքով, նպաստել է նրանց՝ տարբեր միջավայրերում աշխատելու, հեշտ սոցիալիզացվելու գործընթացին:

 

Ծրագրի մասնակից, ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողների հավաստմամբ՝ սա լավագույն հնարավորությունն էր յուրացնելու գերմաներենի դասավանդման նոր մեթոդները: Նրանց խոսքով՝ ծրագրին մասնակցելուց հետո նախընտրելի մասնագիտությունների շարքում ավելացել է մանկավարժությունը, որը հնարավորություն կտա լավագույնս կիրառելու ստացած նոր գիտելիքը:

 

 

Նշենք, որ ծրագրին մասնակցելու հայտ էր ներկայացրել 30 ուսանող, որոնցից ընտրվել են գերմաներենի տիրապետման առավել բարձր մակարդակ ունեցող հայտատուները:

Այլ նորություններ
ՀՀ-ՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնին առընթեր գործող Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնը կրկին հյուրընկալել էր ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Դեսպանը կենտրոնի գրադարանին է նվիրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեղինակած գրքերը:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԴԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ․ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ
21-րդ դարը նորարարական բացահայտումների ժամանակաշրջան է, որում մեծ դերակատարում ունեն տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ)։ Դրանք ներթափանցել են մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներ՝ առաջարկելով առօրյայի և աշխատանքային գործընթացների դյուրին ու արդյունավետ կազմակերպման ուղիներ։