02.02.2023 | 
Կրթություն, Գիտություն
ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ուսանողների ուսումնառության բաղկացուցիչ մաս է պրակտիկան, որի շնորհիվ ուսանողները հնարավորություն են ունենում տեսական գիտելիքները գործնականում կիրառելու և ձեռք բերված փորձառությամբ աշխատաշուկա մուտք գործելու:

ԵՊՀ-ում ուսանողների պրակտիկան կազմակերպում է ուսումնամեթոդական վարչությունը մասնագիտական կրթական ծրագիրն իրագործող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման (ֆակուլտետի, ինստիտուտի, կենտրոնի) հետ համատեղ:

 

Համապատասխան մասնագիտության կրթական ծրագրով որոշվում են պրակտիկայի տեսակները, տևողությունը և անցկացման ժամկետները: Դրանք ներկայացվում են տվյալ կրթական ծրագրի մասնագրում առկա նկարագրիչների միջոցով, որտեղ սահմանվում են պրակտիկայի նպատակը, նախատեսվող աշխատանքները, դրանց կատարման վայրը, տեսակը, ձևը, վերջնարդյունքը, գնահատման մեթոդները և չափանիշները։

 

Համալսարանականների պարտադիր ուսումնական պրակտիկան կազմակերպվում է պետական կառավարման մարմիններում, ԵՊՀ ուսումնաարտադրական բազաներում, ուսումնական և գիտական հաստատություններում, ինչպես նաև այն կազմակերպություններում, որտեղ կան համապատասխան մասնագետներ և նյութատեխնիկական հագեցվածություն: 

 

Մասնագիտությամբ աշխատող ուսանողը հնարավորություն ունի  մասնագիտական պրակտիկան անցնելու իր աշխատավայրում, եթե ներկայացնում է համապատասխան տեղեկանք։

 

Պրակտիկան գնահատվում է ստուգարքի ձևով: «Ստուգված» նշանակվում է այն դեպքում, եթե ուսանողը մասնակցել է պրակտիկային, կատարել է ծրագրով նախատեսված առաջադրանքները, սահմանված ժամկետում ներկայացրել է պրակտիկայի վերաբերյալ մանրամասն հաշվետվություն և (կամ) պրակտիկայի օրագիրը (կարծիք-բնութագիրը):

 

Ուսումնական պրակտիկան չանցած ուսանողը հնարավորություն ունի այն վճարովի հիմունքներով անցնելու և հանձնելու ստուգարքը մինչև ավարտական կուրսի առաջին կիսամյակը՝ ակադեմիական պարտքերի մարման կարգին համապատասխան: Պրակտիկային վճարովի հիմունքներով մասնակցած, սակայն ստուգարքը չհանձնած և մասնագիտական պրակտիկան չանցած ուսանողը հեռացվում է համալսարանից իր ուսանողական իրավունքները վերականգնելու և պրակտիկան կրկին անցնելու հնարավորությամբ։

 

Նշենք, որ բացի ուսումնական ծրագրով նախատեսված պրակտիկայից՝ ուսանողներին լրացուցիչ պրակտիկայի հնարավորություն է ընձեռում նաև ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը: Պրակտիկայի ընթացքում ակտիվություն ցուցաբերած ուսանողներին կարող է ընձեռվել հետագայում աշխատանքի անցնելու հնարավորություն: Պրակտիկաներից շատերի ժամանակ ուսանողները կարող են վարձատրվել. նմանատիպ պրակտիկաների վերաբերյալ թիրախավորված հայտարարություններ են ուղարկվում ԵՊՀ ուսանողների համալսարանական էլհասցեներին: Հայտարարություններին հնարավոր է ծանոթանալ ԵՊՀ կայքէջի՝ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի «Հայտարարություններ» բաժնում, ինչպես նաև կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

 

Երևանի պետական համալսարանում ուսանողների պրակտիկայի կազմակերպման և անցկացման վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/40m48hl:

 

Կարինե Հովհաննիսյան

Այլ նորություններ
ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ԱՌԿԱ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային և ընթացիկ հարցերով տեղի է ունեցել ԵՊՀ նոր ձևավորված գիտխորհրդի առաջին նիստը, որի ժամանակ հաստատվել են հանձնաժողովների կազմերը, քննարկվել և ընդունվել են մի շարք կանոնակարգեր ու ընթացակարգեր։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ: