05.10.2022 | 
Ուսանողական, Կրթություն
ԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ ՈՒԳԸ հիմնադրման 75-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակում կենսաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ «SARS-CoV-2-ը և պատվաստանյութերը» խորագրով պանելային քննարկում:

Կենսաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ կազմակերպած պանելային քննարկման ընթացքում կենսատեխնոլոգ, մանրէաբան, կ.գ.թ. Ինգա Բազուկյանը, ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, կ.գ.թ. Աննա Կարապետյանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվաստանյութերի մասնագետ Լյուդմիլա Նիազյանը խոսեցին «SARS-CoV-2»-ով պայմանավորված համաճարակի մասին: Ներկայացվեց՝ ինչ է ախտածին վիրուսը, և որոնք են դրա դեմ օգտագործվող պատվաստանյութերը։

 

 

Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Րաֆֆի Շահմուրադյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ քննարկվող թեմայի արդիականությանը՝ առանձնակի կարևորելով դրա՝ գիտահանրամատչելի ձևով ներկայացվելը:

 

 

«Պանելային քննարկման բանախոսները ոլորտի գիտակներ են, որոնք համապարփակ տեղեկություն են տալիս այն մասին, թե ինչ պայմաններում է ի հայտ գալիս վիրուսը, ինչպես է տարածվում, արհեստածի՞ն է, թե՞ ոչ: Այս առումով հատկանշական է ֆակուլտետի սերտ համագործակցությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ պատվաստանյութերի մասնագետի հետ: Վստահորեն ասում եմ՝ այս քննարկումը ներկաներին հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ կտա՝ կապված COVID-19-ի և դրա դեմ պատվաստանյութերի վերաբերյալ»,- ընդգծեց Րաֆֆին:

 

 

Րաֆֆիի խոսքով՝ այս քննարկումն ՈՒԳԸ գիտաժողովների շրջանակում անցկացնելն ունի կարևորագույն նշանակություն։ Ֆակուլտետը ձգտում է ամրապնդել անհատ-գիտություն կապը, իսկ ՈՒԳԸ-ն այն կառույցն է, որը նպաստում է դրան: Մասնավորապես հատկանշական են կառույցի 75–ամյակին նվիրված միջոցառումները, որոնք մեծապես կնպաստեն տարբեր ոլորտների վերաբերյալ առավել իրազեկ դառնալուն։

 

Կենսաբանության ֆակուլտետի ուսանող Լիլիթ Գրիգորյանը մեզ հետ զրույցում խոսեց պանելային քննարկմանը իր մասնակցությունից և դրա շրջանակում ստացած նոր գիտելիքներից։

 

 

«Պանելային քննարկումը հնարավորություն տվեց ստանալու նոր գիտելիքներ։ Շատ օգտակար էին նաև քննարկմանը ներկա ԱՀԿ ներկայացուցչի տված տեղեկությունները՝ համաճարակաբանության և վարակի դեմ պայքարի ռազմավարություն ընտրելու վերաբերյալ։ Ըստ իս՝ COVID-19 համաճարակի թեման դեռևս մնում է արդիական, ուստի դրա վերաբերյալ ուսումնասիրությունները ժամանակի հրամայական են»,- ասաց Լիլիթը:

 

Նշենք, որ ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային 8-րդ գիտաժողովի շրջանակում մինչև հոկտեմբերի 7-ը պարբերաբար կազմակերպվելու են այսօրինակ պանելային քննարկումներ, սեմինարներ, մշակութային երեկոներ և այլ միջոցառումներ։

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԴԻՏԵՑԻՆ «…ԵՎ ՆՈՐԻՑ ԳԱՐՈՒՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոնում դիտեցին ներկայացում, որի ավարտին տեղի ունեցավ քննարկում ներկայացման ստեղծագործական և դերասանական կազմի հետ:
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔՆ ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԵՊՀ ՈՒԳԸ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ» ՏՊԱԳԻՐ ՀԱՏՈՐՆԵՐՈՒՄ. ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների՝ 1.1 (35), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (36) համարների շնորհանդեսը: