27.09.2022 | 
Կրթություն, Գիտություն
ՍՈՖԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ՍՈՖԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում օգոստոսի 30-ին մեկնարկած մոդուլային առարկայի շրջանակում Սուրբ Կլիմենտ Օհրիդսկու անվան Սոֆիայի համալսարանի գենետիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ս․ Գ․ Դիմովը կարդաց դասախոսություն՝ «Սննդի մանրէաբանություն. սննդի որակի վերահսկողության նորագույն մեթոդներ» թեմայով:

«Հայաստանի մեղրատու մեղուների միկրոբիոմի ազդեցությունը նրանց թույնի կենսաբանական ակտիվության վրա» գիտական թեմայի արտասահմանյան խորհրդատու, պրոֆեսոր Ս․ Գ․ Դիմովը, անդրադառնալով դասախոսության թեմայի արդիականությանը, նշեց, որ մանրԷաբանական դասական մեթոդներով շատ հաճախ հնարավոր չէ բացահայտել սննդում առկա ախտածին մանրէները. պատճառը ոչ միայն մանրէների քիչ քանակությունն է, այլև կիրառվող մեթոդների սահմանափակ լինելը: Իր խոսքում նա կարևորեց մոլեկուլային գենետիկական ժամանակակից մեթոդները, որոնք հնարավորություն են տալիս բացահայտելու մանրէները նույնիսկ դրանց քիչ քանակության դեպքում:

 

 

Բանախոսը, խոսելով ԵՊՀ-ի և Սուրբ Կլիմենտ Օհրիդսկու անվան Սոֆիայի համալսարանի միջև առկա համագործակցությունից և դրա շրջանակում կատարվող գիտական ուսումնասիրություններից, փաստեց. «Նպատակ ունենք կատարելու նոր ուսումնասիրություն՝ համեմատելու հայկական և բուլղարական պանիրները: Դեռևս տարիներ առաջ հայկական և բուլղարական մածունի ու յոգուրտի միջև համեմատական ուսումնասիրություն է կատարվել, որի ընթացքում հայտնաբերվել է մարդու առողջությունը բարելավող միևնույն մանրէն։ Նման արդյունք ակնկալում ենք նաև պանիրների ուսումնասիրությունից»:

 

 

«Հայաստանի մեղրատու մեղուների միկրոբիոմի ազդեցությունը նրանց թույնի կենսաբանական ակտիվության վրա» գիտական թեմայի ղեկավար, կ.գ.թ., դոցենտ Ինգա Բազուկյանը, մեզ հետ զրույցում խոսելով դասախոսության կարևորությունից, ընդգծեց. «Այսօրինակ դասախոսությունները մի շարք առավելություններ ունեն. ֆակուլտետում պարբերաբար ներկայացվում է ոլորտի միջազգային փորձը, հաճախ նաև՝ օտարերկրյա գիտնականների ներգրավմամբ:

 

 

Դա ուսանողների համար հնարավորություն է հասկանալու, թե ոլորտում մասնագիտանալու համար միջազգային ի՞նչ պահանջներ կան։ Այսպիսի դասախոսությունները նաև նպաստում են ուսանողների մասնագիտական անգլերենի բառապաշարի հարստացմանը»:

 

Նշենք, որ դասախոսություններն անցկացվել են ԵՊՀ ներքին դրամաշնորհի շրջանակում, որը տրվել է կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնին։ Դասախոսություններին մասնակցել են «Մանէաբանություն և կենսատեխնոլոգիա» մագիստրոսական ծրագրի երկրորդ կուրսի ուսանողները:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԴԻՏԵՑԻՆ «…ԵՎ ՆՈՐԻՑ ԳԱՐՈՒՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոնում դիտեցին ներկայացում, որի ավարտին տեղի ունեցավ քննարկում ներկայացման ստեղծագործական և դերասանական կազմի հետ:
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔՆ ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԵՊՀ ՈՒԳԸ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ» ՏՊԱԳԻՐ ՀԱՏՈՐՆԵՐՈՒՄ. ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների՝ 1.1 (35), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (36) համարների շնորհանդեսը: