12.07.2022 | 
Կրթություն, Գիտություն
ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՋՐԱԾՆԻ ՑԱԾՐ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՆԵՐ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՂ ՆԱՆՈԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍԵՆՍՈՐ
ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՋՐԱԾՆԻ ՑԱԾՐ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՆԵՐ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՂ ՆԱՆՈԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍԵՆՍՈՐ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Ջրածնի ցածր կոնցենտրացիաներ հայտնաբերող նանոկառուցվածքային սենսորի պատրաստում» գիտական թեման։ Թեմայի շուրջ զրուցել ենք ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Միքայել Ալեքսանյանի հետ:

Մ. Ալեքսանյանի ղեկավարած գիտական խումբը գործում է ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնում և երկար տարիներ զբաղվում է գազային սենսորների պատրաստմամբ ու հետազոտմամբ: Այս տարիների ընթացքում խմբի անդամները նախագծել և հետազոտել են տարբեր գազերի և նյութերի գոլորշիների նկատմամբ սենսորներ՝ հիմնված տարատեսակ նանոկառուցվածքների վրա:

 

Անդրադառնալով պետական մակարդակով գիտության ֆինանսավորման կարևորությանը` Մ. Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Գովելի է, որ վերջին տարիներին ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն պարբերաբար դրամաշնորհային ծրագրեր է հայտարարում, որոնցից հատկապես կարևորում եմ կիրառական արդյունքներին ուղղված դրամաշնորհային ծրագրերը: Այս անգամ դիմեցինք մեր երիտասարդ խմբով և շահեցինք մի նախագիծ, որի շրջանակում նախատեսում ենք պատրաստել ջրածին գազի նկատմամբ բարձր զգայնությամբ նանոկառուցվածքային սենսոր, որը հնարավորություն կտա միջավայրում գրանցելու ջրածին գազի ծայրահեղ ցածր կոնցենտրացիաներ»:

 

Մ. Ալեքսանյանի խոսքով՝ ժամանակակից աշխարհում նոր՝ այլընտրանքային էներգիայի աղբյուրների փնտրտուքներ կան: Հայտնի է, որ մի քանի տասնամյակ հետո ածխաջրածնային պաշարներն ընդերքում սպառվելու են, և այդ տեսանկյունից աշխարհը լծված է նոր տեսակի էներգիայի աղբյուրների որոնմանը: Հիմնականում փնտրտուքներն ուղղված են «կանաչ» էներգիայի աղբյուրների հայտնաբերմանը, ինչպիսիք են, օրինակ, արևային էներգիան, քամու էներգիան և այլն: Դրանց շարքին կարելի է դասել նաև ջրածնային էներգիան, քանի որ այս գազն այրվելիս հիմնականում արտանետում է շրջակա միջավայրի համար անվնաս ջրային մոլեկուլներ:

 

 

Մ. Ալեքսանյանն իր խոսքում մանրամասնեց նաև ջրածնային սենսորիկայի շնորհիվ ջրածնի անվնաս օգտագործման և տեղափոխման հարցի կարևորությունը. «Ջրածինը լայնորեն օգտագործվում է մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում՝ արդյունաբերության և բժշկության մեջ, կիսահաղորդչային տեխնոլոգիաներում և այլուր: Արդեն տևական ժամանակ է՝ աշխարհում կան նաև ջրածնային մեքենաներ: Մյուս կողմից՝ ջրածինը համարվում է ծայրահեղ պայթյունավտանգ և հրավտանգ նյութ: Այն, համեմատած այլ գազերի հետ, ունի ատոմային ավելի փոքր շառավիղ, որի պատճառով կարող է արտահոսել անհավանական փոքր անցքերից: Այս տեսանկյունից խիստ արդիական և հրատապ է զարգացնել ջրածնային սենսորիկան, որը թույլ կտա անվնաս ամբարել, օգտագործել և տեղափոխել ջրածինը»:

 

Խումբն արդեն ստեղծել է նանոկառուցվածքային սենսոր և հատուկ տեխնոլոգիական սարքավորումների միջոցով ստացել փոքրիկ՝ 20-30 նանոմետր տրամագիծ ունեցող հատիկներից բաղկացած թաղանթ, որը շատ մեծ զգայնություն է ցուցաբերել ջրածնի ցածր կոնցենտրացիաների նկատմամբ։

 

Ստեղծված սենսորի առնչությամբ մեր զրուցակիցն ասաց. «Նմանատիպ սենսորները ռեզիստիվ են: Դա նշանակում է, որ մեր նանոկառուցվածքային թաղանթի դիմադրությունը փոխվում է տվյալ գազի առկայությամբ, և այդ փոփոխությունն էլ սենսորի ազդանշան է: Այս տեսանկյունից մեր սենսորը ցուցաբերել է անհավանական մեծ զգայնություն․ այն ջրածնի ոչ այնքան մեծ կոնցենտրացիայի առկայությամբ (ppm կարգի) մի քանի հազար անգամ փոխում է իր դիմադրությունը»:

 

«Հիմա ինտենսիվ աշխատանքներ են տարվում, որպեսզի սենսորը կցվի ազդանշանի մշակման համակարգին՝ դարձնելով այն ավարտուն դետեկտոր: Վերջնական սարքավորումը կարելի է տեղակայել ցանկացած միջավայրում, օրինակ՝ գործարաններում, մեքենաների մեջ և այլուր, որն ազդանշան կտա ջրածնի կոնցենտրացիաների առկայության դեպքում: Ջրածնի առկայության ահազանգումը կարող է արտահայտվել ձայնի, լույսի կամ հաղորդագրության միջոցով, եթե, օրինակ, այն հեռահար կցված է ժամանակակից սմարթֆոններին։ Մոտեցումները շատ-շատ են, և ժամանակակից տեխնոլոգիաները լիովին թույլ են տալիս ճկուն լինել»,- հավելեց աշխատանքային խմբի ղեկավարը:

 

Նշենք, որ նախագծի շրջանակում նախատեսվում է նաև մասնակցություն արտերկրում անցկացվող գիտաժողովների:

 

Խմբի անդամներն են ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի գիտաշխատող, տեխն. գիտ. թեկն. Արտակ Սայունցը, կրտսեր գիտաշխատող Գևորգ Շահխաթունին, լաբորանտ, մագիստրատուրայի ուսանող Զարինե Սիմոնյանը և կենտրոնի այլ աշխատակիցներ:

 

Կարինե Հովհաննիսյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՄԱՆՐԷՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հաղթող ճանաչված թիմերն ստացան դրամական պարգևներ, իսկ մյուս թիմերին ժյուրին առաջարկեց շարունակել զարգացնել ներկայացված գաղափարները, քանի որ դրանք չափազանց արդիական են և կարող են նպաստել կենսաբանության, հատկապես մանրէաբանության ոլորտի առաջընթացին։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագրի շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ այցելեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի տնօրենի տեղակալ Մաթիաս Հեսպեն՝ հետագա համագործակցությունների հեռանկարները, ինչպես նաև վերոնշյալ կրթական ծրագրի ուսանողներից երկուսին կրթաթոշակ տրամադրելու հարցը քննարկելու։