ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հետ փոխգործակցության շրջանակում ընթացիկ տարվա հոկտեմբերից մեկնարկել էր դասախոսություն-քննարկումների շարք ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողների համար: Այդ հանդիպումների նպատակն էր ԵՊՀ ուսանողներին ներկայացնել 2020-2021 թվականների՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հրատարակած «Հայաստանի Հանրապետության անկախությունը և ազատական բարեփոխումները» երկհատոր ժողովածուն և դրանում ընդգրկված 28 հոդվածները: Այդ հոդվածներից յուրաքանչյուրի վերաբերյալ ծավալվել են առանձին քննարկումներ՝ հիմնական շեշտադրումը կատարելով հոդվածների բովանդակությանը և կարևորությանը՝ հստակ անդրադառնալով մասնագիտական առանձնահատկություններին:
«Քաղաքացիական հասարակության ձևավորման առանձնահատկությունները անկախության տարիներին» խորագրով հոդվածի հեղինակը ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանն է: Վերջինս հանդիպման ժամանակ ներկայացրեց իր կատարած ուսումնասիրությունն ու պատասխանեց ուսանողների բազմաբովանդակ հարցերին:
Հանդիպմանը ներկա էր 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ անկախության հռչակագիրն ընթերցած Արամ Մանուկյանը, որը, ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության անկախությունը և ազատական բարեփոխումները» ժողովածուն, նշեց, որ դրա թարգմանված տարբերակը հասանելի է աշխարհի 20 գրադարաններում և 60 երկրների հայաստանյան դեսպանատներում:
Նշենք, որ հանդիպման ավարտին Ա. Մանուկյանը միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Աշոտ Ալեքսանյանին հանձնեց «Հայաստանի Հանրապետության անկախությունը և ազատական բարեփոխումները» երկհատոր ժողովածուի օրինակներ, ինչը հնարավորություն կտա ֆակուլտետի ուսանողներին մանրամասն ծանոթանալու քննարկումների ընթացքում արծարծված թեմաներին: