13.06.2022 | 
Ուսանողական, Կրթություն
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ Է». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ Է». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի շրջանավարտ Սյուզաննա Ալեքսանյանի հետ զրուցել ենք բուհի և մասնագիտության ընտրության, դժվարությունների հաղթահարման, ուսանողական կյանքի ու ապագայի պլանների մասին:

Սյուզաննա Ալեքսանյանը 23 տարեկան է, ծնվել է Գյումրիում: Տեսողական խնդրի պատճառով տեղափոխվել է Երևան՝ տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց։

 

Սյուզաննան չափազանց շփվող է ու հետաքրքրասեր: Մասնագիտություն ընտրելուց առաջ շատ է մտածել, ուսումնասիրել համալսարանները, մասնագիտություններն ու բաժինները և ի վերջո որոշել կրթություն ստանալ Մայր բուհի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում։

 

Կարևորելով կրթության դերը՝ մեզ հետ զրույցում Սյուզաննան նշեց. «Համալսարանում կրթություն ստանալ միշտ եմ ցանկացել. կարծում եմ՝ առանց կրթության դժվար է ինչ-որ բանի հասնելը։ Ինձ համար համալսարանը բացարձակ արժեք է»։

 

«Համալսարան ընդունվելուց հետո ձեռք բերեցի ընկերներ, որոնք դասախոսներիս հետ միասին առաջին իսկ օրից ինձ շատ լավ ընդունեցին, ամբողջ ընթացքում օգնեցին, ու չեղավ մի խնդիր, որը լուծում չստացավ»,- ասաց Սյուզաննան:

 

 

Համալսարանն անգլերենի և երկրորդ լեզվի՝ ֆրանսերենի համար ուսանողին տրամադրել էր ընթերականեր:

 

«Ես ամեն ինչ լսելով եմ սովորում, և քանի որ կարդում ու գրում եմ հատուկ համակարգով, տեխնիկական հարցերում ինձ անհրաժեշտ էր ինչ-որ մեկի օգնությունը: Չորս տարի ընթերականերն ինձ օգնեցին, որ տեխնիկական որևէ խնդրի չբախվեմ, քննություններին լավ պատրաստվեմ»,- պատմեց մեր զրուցակիցը:

 

Սյուզաննայի ավարտական աշխատանքի ղեկավար, միջմշակութային հաղորդակցության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Շուշանիկ Պարոնյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Սյուզաննան իր «մարտական» բնավորության շնորհիվ կարողացավ հեշտ ինտեգրվել միջավայրին և բարձր առաջադիմությամբ ավարտել Մայր բուհը։ Բոլորին պետք է ոգևորի Սյուզաննայի օրինակը»։

 

Ապագայի պլանների մասին խոսելիս Սյուզաննան ժպիտով ասաց, որ շատ է սիրում մարքեթինգի ոլորտը և նպատակ ունի կրթությունն այդ ոլորտում շարունակելու:

 

 

Կարինե Հովհաննիսյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՄԱՆՐԷՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հաղթող ճանաչված թիմերն ստացան դրամական պարգևներ, իսկ մյուս թիմերին ժյուրին առաջարկեց շարունակել զարգացնել ներկայացված գաղափարները, քանի որ դրանք չափազանց արդիական են և կարող են նպաստել կենսաբանության, հատկապես մանրէաբանության ոլորտի առաջընթացին։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագրի շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ այցելեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի տնօրենի տեղակալ Մաթիաս Հեսպեն՝ հետագա համագործակցությունների հեռանկարները, ինչպես նաև վերոնշյալ կրթական ծրագրի ուսանողներից երկուսին կրթաթոշակ տրամադրելու հարցը քննարկելու։