ԷԴԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ծնվել է 1939թ. մայիսի 5-ին Ղափանի շրջանի Բադաբուրջ գյուղում: 1956թ. ավարտել է Ղափանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1956-1959թթ. սովորել է Երևանի լեռնամետալուրգիական տեխնիկումում: 1959-1962թթ. ծառայել է բանակում: 1967թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 1973թ. պաշտպանել է թեկնածուական, 1987թ.` դոկտորական ատենախոսություն : 1978թ. նրան շնորհվել է դոցենտի, 1988-ին`պրոֆեսորի կոչում:

1968 թվականից աշխատում է ԵՊՀ-ում: 1969-1974թթ. եդել է ԽՄԿԿ պատմության ամբիոնի ասիստենտ, 1974-1978թթ.` ավագ դասախոս , 1978-1988թթ.` դոցենտ, 1988-1993թթ.` քաղաքական պատմության ամբիոնի պրոֆեսոր, 1993-2000թթ.` միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, 1998-2008թթ .` միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան է 2008-ից` միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչն է:

Է.Զոհրաբյանի գործուն մասնակցությամբ կազմավորվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնը, ինչպես նաև միջագգային հարաբերությունների ֆակուլտետը: Առանձնապես մեծ է նրա ներդրումը Հայաստանի միջազգային հարաբերությունների և հայ դիվանագիտության պատմութան վերաբերյալ մի շարք դասընթացների ստեղծման և ծրագրերի մշակման գործում:

Է.Զոհրաբյանի ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածnւական 20 ատենախոսություն:

Նա հեղինակ է ավելի քան վեց տասնյակ հոդվածների, 6 մենագրության: Պատմագիտության մեջ լուրջ ներդրում են «Սովետական Ռուսաստանը և հայ-թուրքական հարաբերությունները (1920-1922)» (Եր., 1979), «Սովետական Ռուսաստանը և հայ-իրանական հարաբերությունները (1920-1922)» (Եր., 1985), «1920թ. Թուրք-հայկական պատերազմը և տերությունները» (Եր., 1997), «Ազգամիջյան կռիվները Երևանի նահանգում 1918թ.» (Եր., 2000), «Նախիջևանյան հիմնահարցը և Հայաստանի «դաշնակիցները» (1918-1920)» (Եր., 2002) մենագրությունները:
ԷԴԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆ
1939-2013