02.01.2023 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐԸ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐԸ
2021 թ. «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում հաղթած ԵՊՀ ուսանողները մաղթում են գիտական նվաճումներ ու նոր ձեռքբերումներ:

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանող Արտյոմ Պետրոսյանը նշում է, որ 2022 թվականը նշանավորվել է գիտության և տնտեսության ոլորտում ունեցած մեծ առաջընթացով:

 

«Հատկապես ուզում եմ շեշտել գիտության զարգացմանն ուղղված մեծածավալ ներդրումների կարևորությունը, որ կատարել է պետությունը։ Այդ ներդրումները հատկանշական են բնագիտական ոլորտների, մասնավորապես քիմիայի զարգացման գործում։ Մաղթում եմ, որ 2023 թվականը լինի խաղաղության, մտքի զարգացման և գիտական ակտիվ գործունեության տարի»,- ասում է Արտյոմ Պետրոսյանը։

 

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ Սամվել Եղիազարյանը մաղթում է, որ 2023-ին կրկնապատկվեն ուսանողների ձեռքբերումներն ու հաջողությունները, և իրականություն դառնան դեռևս չիրականացած երազանքները։

 

«Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկ է ազդարարում: Թող որ այդ մեկնարկը բոլորիս համար լինի հաջողակ, խոստումնալից ու հաղթանակներով լի»,- ընդգծում է Սամվելը:

 

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի շրջանավարտ Համլետ Սիմոնյանն իր շնորհավորական խոսքում ուսանողներին հորդորում է գալիք տարում աշխատել անկոտրում համառությամբ և հասնել այն ամենին, ինչը գուցե անիրական ու անհնարին էր թվում նախկինում։

 

«Նոր տարին թող նշանավորվի ինչպես անհատական, այնպես էլ ազգային հավաքական կեցության զարգացման նոր ու ավելի կատարելագործված միտումներով և դրանց համապատասխան վերջնարդյունքով»,- բարեմաղթում է Համլետը:

 

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող Միհրան Սիսակյանը, նշելով, որ կրթությունն ապագայի հաջողության բանալին է, մաղթում է. «Սիրելի՛ համալսարանականներ, ժամանակը մեզ անցյալից տեղափոխում է ապագա։ Ժամանակի այդ անդադար շարժն ավելի է ընդգծվում, երբ դիմավորում ենք նոր տարին՝ հավատալով, որ այն կլինի կյանքի կարևոր շրջադարձ։ Լիահույս եմ, որ ուսանողները կկարողանան առավելագույնս օգտվել իրենց ընձեռված լայն հնարավորություններից»։

 

«Վայելե՛ք Երևանի պետական համալսարանում անցկացրած յուրաքանչյուր օր, ծանոթացե՛ք տարբեր կուրսերում սովորող ուսանողների հետ, դասախոսների հետ շփումից քաղե՛ք առավելագույն գիտելիքներն ու փորձը, անմնացորդ նվիրումով սիրե՛ք ձեր մասնագիտությունը»,- ամփոփելով ընկերների ամանորյա շնորհավորանքները՝ ԵՊՀ ուսանողներին հորդորում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտ Գրետա Գասպարյանը։

 

Կարինե Հովհաննիսյան

Այլ նորություններ
ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ԱՌԿԱ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային և ընթացիկ հարցերով տեղի է ունեցել ԵՊՀ նոր ձևավորված գիտխորհրդի առաջին նիստը, որի ժամանակ հաստատվել են հանձնաժողովների կազմերը, քննարկվել և ընդունվել են մի շարք կանոնակարգեր ու ընթացակարգեր։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ: