18.07.2022 | 
Կրթություն, Գիտություն
ԵՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱԴՐԻԴՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ
ԵՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱԴՐԻԴՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ
«Անձի հոգեբանության եվրոպական 20-րդ գիտաժողովին» («European Conference of Personality Psychology», ECP 20) մասնակցելու նպատակով Մադրիդ են մեկնել ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի ներկայացուցիչները:

Գիտաժողովը Անձի եվրոպական ասոցիացիայի հիմնական միջոցառումն է, որը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ։ Եվրոպայում և Եվրոպայից դուրս անձի հոգեբանության բնագավառը զարգացնելու նպատակով կազմակերպված գիտաժողովին ելույթներով հանդես են եկել ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, ամբիոնի լաբորանտ, դասախոս Լիանա Սարգսյանը, Անձ և սոցիալական միջավայր գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, հ.գ.թ., դոցենտ Նարինե Խաչատրյանը, լաբորատորիայի գիտաշխատողներ Աստղիկ Սերոբյանը, Անի Գրիգորյանը, հ.գ.թ. Աննա Հակոբջանյանը։

 

Գիտաժողովի մասնակիցներին Իսպանիայում ընդունել է Հայաստանի դեսպանը։ Հանդիպման ժամանակ ներկայացվել են Անձ և սոցիալական միջավայր գիտահետազոտական լաբորատորիայի նախագծերը, ընթացիկ աշխատանքները և Իսպանիայի համալսարանների հետ համագործակցության հնարավորությունը։

 

 

Գիտաժողովի ընթացքում Նարինե Խաչատրյանը ընտրվել է Անձի հոգեբանության եվրոպական ասոցիացիայի Արևելյան Եվրոպայի ռեգիոնալ ներկայացուցիչ։ Ռեգիոնալ ներկայացուցչի գործառույթն է նպաստել անձի հոգեբանության զարգացմանը Եվրոպայի տարբեր տարածաշրջաններում։

 

Գիտաժողովի ժամանակ հ.գ.թ. Աննա Հակոբջանյանի հետազոտությունը հավանության է արժանացել, և «European Journal of Personality» ժողովածուի խմբագրի` Ռենե Մոտտուսի կողմից. Ա. Հակոբջանյանն առաջարկություն է ստացել Փոդքաստի համար ելույթ ունենալու և իր կատարած հետազոտությունը հակիրճ ներկայացնելու։

 

Այցի շրջանակում նախանշվել են հետազոտական նոր նախագծեր՝ միտված ԵՊՀ «Անձ և սոցիալական միջավայր» գիտահետազոտական լաբորատորիայի և Գերմանիայի Վուպերտալի ինստիտուտի պրոֆեսոր Աննա Բաումերտի լաբորատորիայի համագործակցությանը։

 

Գիտաժողովի մասնակիցները, 2022 թվականից լինելով Անձի եվրոպական ասոցիացիայի անդամներ, մասնակցել են ասոցիացիայի ամենամյա հանդիպմանը։ Հանդիպման ժամանակ ասոցիացիայի գործադիր մարմինը ներկայացրել է տարեկան հաշվետվություն, ընտրվել է ասոցիացիայի նախագահ, ինչպես նաև ներկայացվել են նոր նախագծեր, որոնց նպատակն է նպաստել երիտասարդ գիտնականների և հետազոտողների մասնագիտական հմտությունների զարգացմանը։

 

Նշենք, որ հուլիսի 12-15-ը կայացած գիտաժողովը հնարավորություն է ընձեռել ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին սեփական հետազոտությունները ներկայացնելու, անվանի մասնագետներից դիտարկումներ, առաջարկներ ստանալու, ինչպես նաև համագործակցության և համատեղ հետազոտական աշխատանքների վերաբերյալ քննարկումներ անցկացնելու։

Այլ նորություններ
ՍՈՖԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում օգոստոսի 30-ին մեկնարկած մոդուլային առարկայի շրջանակում Սուրբ Կլիմենտ Օհրիդսկու անվան Սոֆիայի համալսարանի գենետիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ս․ Գ․ Դիմովը կարդաց դասախոսություն՝ «Սննդի մանրէաբանություն. սննդի որակի վերահսկողության նորագույն մեթոդներ» թեմայով:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՄԱՆՐԷՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հաղթող ճանաչված թիմերն ստացան դրամական պարգևներ, իսկ մյուս թիմերին ժյուրին առաջարկեց շարունակել զարգացնել ներկայացված գաղափարները, քանի որ դրանք չափազանց արդիական են և կարող են նպաստել կենսաբանության, հատկապես մանրէաբանության ոլորտի առաջընթացին։