Օրացույց

Հեղինակի որոնում

Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ

Նորություններ

Մասնակիցները հիմնականում ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների ուսանողներ էին, որոնց ներկայացվեցին ՀՀ ֆինանսների նախարարության նպատակները և հիմնական գործառույթները մակրոտնտեսական քաղաքականության մշակման և իրագործման համատեքստում, մասնավորապես՝ հիմնական ուղղությունները, մակրոտնտեսական վերլուծությունների և կանխատեսումների գործիքակազմը և այլն:

 

 

ԵՊՀ կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, կարևորելով ֆինանսների նախարարության հետ այսօրինակ միջոցառումների կազմակերպումը, նշեց. «Այս համագործակցության առանձնահատկությունն այն է, որ գերատեսչությունն է հետաքրքրվածություն դրսևորել մեր կրթական ծրագրերում մասնակցություն ունենալու և մեր ուսանողներին՝ իրենց աշխատանքներում ներգրավելու, քանի որ սովորաբար մասնավոր ձեռնարկություններն են ավելի ակտիվ համագործակցում համալսարանի հետ»:

 

 

Կ. Նազարյանն ընդգծեց, որ պետական գերատեսչությունների հետ գործակցությունն ուսանողների մոտ ձևավորում է պետականամետ մտածողություն, և կոտրվում է կարծրատիպը, թե գերատեսչությունները փակ և լճացող համակարգեր են:

 

ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության արտաքին հատվածի կանխատեսումների և վերլուծությունների բաժնի պետ Արշալույս Հարությունյանը շեշտեց. «Լինելով ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի շրջանավարտ և դասախոս՝ ինձ համար առանձնահատուկ կարևոր է նախարարության և համալսարանի փոխգործակցությունը: ԵՊՀ կրթությունը հնարավորություն է տալիս ոլորտում առկա խնդիրներին տալ ավելի հստակ, քանակական ու չափելի լուծումներ. նախարարությունը նպատակ ունի ներգրավելու համալսարանի գիտական ներուժը, որը կբերի նոր արդյունքներ»:

 

 

ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Կարինե Ավետիսյանն ընդգծեց, որ նման հանդիպումները ուսանողներին հնարավորություն են տալիս անմիջականորեն շփվելու գործատուների հետ, ինչպես նաև ֆակուլտետի շրջանավարտների հաջողությունները տարբեր ոլորտներում տեսնելու և ոգեշնչվելու:

 

 

Նշենք, որ ԵՊՀ-ում էին ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը, ՄՌԿ վարչության պետ Ծովինար Բարսեղյանը, մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Գարիկ Պետրոսյանը, արտաքին հատվածի կանխատեսումների և վերլուծությունների բաժնի պետ Արշալույս Հարությունյանը, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության կոորդինացման բաժնի գլխավոր մասնագետ Նարեկ Կարապետյանը:

 

Օլիմպիադայի 1-ին անվանակարգի համար մասնակիցներն աշխարհաբար տեքստը փոխադրել են գրաբարի: Հավաքած միավորների արդյունքում 1-ին կարգի մրցանակի է արժանացել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Անի Թադևոսյանը, 2-րդ հորիզոնականն զբաղեցրել է նույն ֆակուլտետի ուսանող Թամարա Կարապետյանը, իսկ 3-րդը՝ Արցախի պետական համալսարանի ուսանող Գոհար Հայրապետյանը:

 

 

Երկրորդ անվանակարգի համար մասնակիցները գրել են գրաբարով շարադրություն ՝ «Երկիր Նաիրի Հայաստանս» խորագրով: 1-ին և 2-րդ կարգի մրցանակակիրները Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ Արման Աբրահամյանը և Գևորգ սարկավագ Կարապետյանն էին, իսկ 3-րդ կարգի մրցանակակիրը ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Ժենյա Ղազարյանն էր:

 

 

Առաջին հորիզոնականն զբաղեցնող մասնակիցները ստացել են 100.000-ական ՀՀ դրամ պարգև, երկրորդը՝ 70.000-ական ՀՀ դրամ, իսկ երրորդը՝ մասնագիտական գրքեր: Մրցանակային տեղեր զբաղեցրած բոլոր մասնակիցներն ստացել են խրախուսական նվերներ, մասնագիտական գրքեր և պատվոգրեր, մնացած մասնակիցները՝ շնորհակալագրեր և մասնագիտական գրքեր։

 

 

Նշենք, որ օլիմպիադայի կազմակերպիչներն էին ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնը, ֆակուլտետի ՈՒԳԸ-ն, «Դասական դպրոց» հիմնադրամը և Արարատյան Հայրապետական թեմը:

Կարդալով ԵՊՀ ուսանող Մարիա Հովհաննիսյանի պատմությունը` կտեղեկանաք, թե ինչ առավելություններ է ընձեռում տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը, և թե ինչպես է հնարավոր ուսումնառության տարիներից դառնալ աշխարհում տեղի ունեցող «տվյալների հեղափոխության» մասնակիցը:

 

Չնայած նրան, որ ԵՊՀ ուսանողը մասնագիտության շրջանակում ձևակերպում է բարդ խնդիրներ, մշակում դրանց լուծման ալգորիթմներ, այնուամենայնիվ նա իր հաջողության բանաձևը պարզ է սահմանում` անսահման նվիրում մասնագիտությանը:

 

Հատկանշական է, որ նախքան մագիստրոսական ծրագրին դիմելը Մարիան բակալավրիատական կրթությունն ստացել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, ձեռք բերել ոլորտին առնչվող մեծարժեք գիտելիքներ և հմտություններ:

 

Անդրադառնալով մասնագիտության փոփոխությանը՝ Մարիան նշում է. «Ֆակուլտետն ավարտելուց հետո որոշեցի մասնագիտանալ մեքենայական ուսուցման բնագավառում: Այն այսօր տնտեսության տեխնոլոգիական առաջընթացն ապահովող կարևոր ոլորտներից է և սերտորեն առնչվում է տվյալագիտության հետ: Ձգտելով լինել այդ ոլորտում նոր ասելիք ունեցող մասնագետ` ընտրեցի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը»:

 

Ճիշտ է, ծրագիրն ընձեռում է լայն հնարավորություններ, սակայն ԵՊՀ ուսանողը նաև նշում է, որ անհրաժեշտ է մեծ ջանք ու եռանդ ներդնել՝ ընկալելու ստացվող տեղեկությունը, կատարելու տրված հանձնարարությունները:  

 

Նրա խոսքով` տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հմտություններ ձեռք բերելու հարցում անգնահատելի է ծրագրի շրջանակում դասախոսող երիտասարդ մասնագետների դերը: Նրանցից շատերը ԵՊՀ շրջանավարտներ են, որոնք այսօր աշխատում են ՏՏ ոլորտի հեղինակավոր ընկերություններում և ուսանողներին են փոխանցում իրենց մասնագիտական փորձառությունը:

 

Երբ մագիստրոսական ծրագիրը կամրջում է իրարից շուրջ 12 հազար կմ հեռու ԵՊՀ-ն և Սիլիկոնյան հովտում գտնվող Սան Խոսեի պետական համալսարանը` ընձեռելով կրկնակի դիպլոմ ստանալու և բարձր տեխնոլոգիական ձեռնարկություններում աշխատելու հնարավորություններ…. 

 

Մարիան «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ),  Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) հետ համագործակցությամբ և «PMI Science»-ի աջակցությամբ գործող «Տվյալների գիտությունը բիզնեսում»մագիստրոսական ծրագրի առաջին ուսանողն  է, որը հնարավորություն է ստացել ուսումը շարունակելու Սան Խոսեի պետական համալսարանում. Կալիֆոռնիա նահանգում պաշտոնապես ընդունվել են նրա՝ առաջին տարում ԵՊՀ-ում ստացած կրեդիտները:

 

Խոսելով կրթությունն ԱՄՆ-ում շարունակելուց` մեքենայական ուսուցման ապագա մասնագետն ընդգծում է. «Հայաստանի և ԱՄՆ-ի կրթական համակարգերի միջև կան զգալի տարբերություններ: Սակայն երբ սկսեցի ուսումնառել Սան Խոսեի պետական համալսարանում, հասկացա, որ իմ գիտելիքներով ոչ միայն չեմ զիջում տեղի սովորողներին, այլև ունակ եմ մրցակցելու նրանց հետ»,- նշում է Մարիան:

 

 

Հատկանշական է, որ Մարիան մագիստրոսական թեզը պաշտպանելու է և՛ Երևանի պետական համալսարանում (առցանց տարբերակով), և՛ Սան Խոսեի պետական համալսարանում. ձևավորված ինստիտուցիոնալ կապերի շնորհիվ մագիստրոսական ծրագրի ուսանողները հետազոտական տարբեր կազմակերպությունների հետ գործակցությամբ («PMI Science» գիտահետազոտական կենտրոնի, անգլիական «TurinTech» և այլն) գրում են այնպիսի թեզեր, որոնք ոլորտի համար հետագայում կարևոր նշանակություն կունենան:

 

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր, նշյալ մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանի հավաստմամբ Մարիայի մեկնումով արտերկրի գործընկերների հետ համագործակցությունը թևակոխում է նոր փուլ. կյանքի է կոչվելու կրկնակի դիպլոմների ծրագիրը:

 

«Սա ապացուցում է, որ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը տալիս է այնպիսի կրթություն, որն ընդունում է նաև միջազգային հեղինակավոր բուհը»,- վստահեցնում է Ռ. Գևորգյանը

 

 

Զրույցում պրոֆեսորը առանձնակի շեշտում է.«Սան Խոսեի պետական համալսարանը գտնվում է Սիլիկոնյան հովտի սրտում, ինչը մեծ առավելություն է նաև ուսանողների համար։ Այն համագործակցում է աշխարհի լավագույն ՏՏ ընկերությունների հետ, ինչպիսիք են` «Apple», «Google», «Meta», «Amazon»: Մարիային, ինչպես մագիստրոսական ծրագրի շրջանակում համալսարանում սովորող այլ ուսանողների, հետագայում կընձեռվի այդ կազմակերպություններում աշխատելու հնարավորություն…»:

 

«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական այս ծրագրի վերաբերյալ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ  այստեղ:  

Մարինե Մկրտչյան

Օճառի ստացման եղանակների հետազոտությունից մինչև մրգերից ու բանջարեղեններից էլեկտրաէներգիայի ստացման ուսումնասիրություն և ֆոտոսինթեզի մոդելավորում. փառատոնի եզրափակիչ փուլում նմանօրինակ մի շարք հետազոտություններ ներկայացրին միջին և ավագ դասարանների աշակերտները անհատապես կամ երկուհոգանոց խմբերով և գիտական ղեկավարի աջակցությամբ: Դրանք 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում իրենց իսկ առաջադրած և իրականացրած հետազոտական նախագծերն էին:

 

ԵՊՀ գիտաշխատող, «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2023»-ի ժյուրիի նախագահ Հայկ Զաքարյանի խոսքով՝ փառատոնը նպատակ ունի նպաստելու դպրոցականների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, ինչպես նաև ծանոթացնելու գիտական մեթոդներին, նորարարական նախագծերի իրականացման գործընթացին և զարգացնելու կատարած աշխատանքը ներկայացնելու հմտությունները:

 

 

«Աշխատանքների գնահատման չափանիշները մի քանիսն են, և ներկայացված նախագծերից լավագույնները որոշվում են՝ հաշվի առնելով, թե աշակերտները որքանով են ինքնուրույն աշխատել և տվյալներ մշակել: Կարևոր է նաև ներկայացման ձևը, խնդրի հստակ, գիտական ձևակերպման առկայությունը, կիրառած մեթոդների ներկայացումը և այլն»,- ընդգծեց Հ. Զաքարյանը:

 

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դոցենտ, «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2023»-ի ժյուրիի անդամ Լիլիթ Գաբրիելյանը, մեզ հետ զրույցում արժևորելով այսօրինակ փառատոների կազմակերպումն ու դպրոցականների՝ գիտության մեջ ներգրավումը, ասաց. «Աշակերտների համար շատ ոգևորիչ է, երբ հնարավորություն են ունենում դպրոցներում իրագործելու հետաքրքիր նախագծեր, ինչպես նաև մասնակցելու բուհերի գիտական տարբեր խմբերի աշխատանքներին. այս ամենի մասին են վկայում նրանց փայլող աչքերը և ոգևորվածությունը»:

 

 

Նշենք, որ փառատոնին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչներ, տարբեր դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ և այլ այցելուներ։

 

Միջոցառման ավարտին մասնակցության հավաստագրեր են հանձնվել փառատոնի բոլոր մասնակիցներին։

 

 

Հավելենք, որ մասնագիտական ամենաբարձր գնահատականների արժանացած մասնակիցների ծրագրերը կներկայացվեն ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում կայանալիք միջազգային գիտական և ճարտարագիտական «Regeneron» տոնավաճառում, ինչպես նաև Երիտասարդ գիտնականների «ԵՄ EUCYS» մրցույթում, որը տեղի կունենա 2023 թ. սեպտեմբերի 13-17-ը Բրյուսել քաղաքում (Բելգիայի Թագավորություն):

ԵՊՀ նոր ձևավորված ԳԽ առաջին նիստի ժամանակ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, չխախտելով պարգևի արժանացած համալսարանականներին գնահատելու ու շնորհակալություն հայտնելու ավանդույթը, համալսարանում ծավալած գործունեության, մեծ վաստակի ու երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրեց օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանին։

 

 

ԵՊՀ ռեկտորը շնորհավորեց նաև իրավագիտության ֆակուլտետի ուսանող Խաչիկ Զաքարյանին, որին պետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած քաջարիության ու զինվորական բարձր պատրաստվածության համար Արցախի Հանրապետության նախագահը պարգևատրել է «Մարտական ծառայության» մեդալով։

 

 

Այնուհետև Հ․ Հովհաննիսյանն անդրադարձավ համալսարանի ընթացիկ աշխատանքներին, խոսեց խնդիրների ու նախատեսվող փոփոխությունների մասին։ ԵՊՀ ռեկտորը ԳԽ անդամներին որպես առաջարկ ներկայացրեց պրոֆեսորի ու դոցենտի պաշտոնների համալրման համար անհրաժեշտ պահանջներ՝ փաստելով, որ դրանք դեռևս քննարկվելու ու լրամշակվելու են։

 

Հաջորդիվ՝ նիստի օրակարգի հաստատումից հետո, ԵՊՀ ռեկտորը ԳԽ հաստատմանը ներկայացրեց իրավական ակտերի նախագծերի մշակման և փորձաքննության, մրցութային, որակի ապահովման ու էթիկայի հանձնաժողովների կազմերը, որոնք հավանության արժանացան և ընդունվեցին։

 

Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում ԳԽ-ն քննարկեց ««Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ընտրության ընթացակարգը» հաստատելու և 2016 թ․ մայիսի 26-ին հաստատված «Երևանի պետական համալսարանի ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգը» ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը։

 

Ըստ ընթացակարգի՝ ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար կարող է ընտրվել այն անձը, որն ունի ստորաբաժանման ուղղությանը համապատասխանող գիտական աստիճան և կոչում: Բացի դրանից՝ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարն ընտրվում է ԵՊՀ գիտական խորհրդում փակ, գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով: ԵՊՀ իրավական ծառայության ղեկավար Ա․ Թադևոսյանը փաստեց, որ այդ դրույթները բխում են ԵՊՀ նոր խմբագրությամբ կանոնադրությունից։

 

 

Այս հարցի վերաբերյալ հնչեցին բազմաթիվ կարծիքներ ու առաջարկներ, և ԳԽ-ն որոշեց հաստատել ընթացակարգը՝ խմբագրելով այն ու ներառելով հնչած որոշ առաջարկներ։

 

Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ Ա․Թադևոսյանը զեկուցեց «ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգում» փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Նա ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները, որոնց վերաբերյալ հնչեցին կարծիքներ ու առաջարկներ։ Քննարկման արդյունքում որոշվեց դրանք համախմբելով ներառել կանոնակարգում և հաստատել։

 

Հաջորդիվ ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի կառուցվածքի ու բովանդակության վերաբերյալ հարցերը։ Նրա խոսքով՝ նախագծերի մշակման համար հիմք են հանդիսացել շրջանավարտների և ուսանողների հարցումների արդյունքները, միջազգային փորձի ուսումնասիրությունը, բենչմարքինգը և բոլոնյան մի շարք փաստաթղթեր։

 

 

Է․ Ասրիյանի խոսքով՝ նախագծերի հաստատումը հնարավորություն կտա ունենալու Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում գործող կրթական ծրագրերի հետ համադրելիություն, կամընտրականության սկզբունքի հիման վրա ուսանողակենտրոն ուսուցման կիրառման հնարավորություն։ Նախագծերով առաջարկվում են ունիֆիկացված կրեդիտային ծավալ ունեցող դասընթացներ և մոդելացվածություն դրանց համար։ Պրոռեկտորի հավաստմամբ՝ նախագծերով կամընտրական դասընթացների քանակը գրեթե կրկնապատկվել է, ինչը հնարավորություն է տալու կազմակերպելու անհատականացված ուսուցում։ ԳԽ-ն հաստատեց առաջարկված նախագծերը։

 

Այնուհետև ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ հրատարակչության առաջադրած չափորոշիչներին լիովին համապատասխանող «Պետություն և իրավունք» և «Բանբեր Երևանի համալսարանի․ իրավագիտություն» հանդեսները հրատարակության երաշխավորելու մասին հարցը։

 

 

Նրա խոսքով՝ հրատարակվող ամսագրերի համար սահմանվել են որոշակի չափորոշիչներ, որոնց համաձայն՝ դիտարկվում են ամսագրերը և ներկայացվում երաշխավորության։ Բացի դրանից՝ նա ներկայացրեց ԵՊՀ գրահրատարակչական խորհրդում քննարկված աշխատությունները հրատարակության երաշխավորելու մասին հարցը։ ԳԽ-ն հավանության արժանացրեց ներկայացրած հարցերը։

 

Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը ներկայացրեց «ԵՊՀ կրթական ծրագրերի մշտադիտարկման (մոնիթորինգի) և վերանայման լրամշակված կարգը» հաստատելու մասին հարցը՝ ներկայացնելով իրականացրած փոփոխությունները։ ԵՊՀ ԳԽ-ն հաստատեց ներկայացված կարգը։

 

 

Անցնելով օրակարգային վերջին հարցին՝ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանը հանդես եկավ «Նորարությունները ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում» թեմայով զեկուցմամբ։