Օրացույց

Հեղինակի որոնում

Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ

Նորություններ

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ազդարարելով «PolyChar 28» միջազգային կոնֆերանսի մեկնարկը, հույս հայտնեց, որ մտքերի փոխանակումը մեծ նպաստ կբերի գիտության բնագավառում և ծնունդ կտա նոր գաղափարների։

 

«Կարծում եմ՝ քննարկումներն ու գաղափարների փոխանակումը արդյունավետ կլինեն։ Հույս ունեմ, որ կվայելեք Հայաստանում և Երևանում անցկացրած ձեր ժամանակը»,- իր խոսքում ասաց ԵՊՀ ռեկտորը:

 

 

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, ք.գ.դ., պրոֆեսոր Նարինե Դուրգարյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ կոնֆերանսում քննարկվող թեմայի ընտրությունը պատահական չէ և մեր օրերում շատ արդիական է։

 

Պրոֆեսորը, անդրադառնալով առաջատար տեխնոլոգիաներում պոլիմերների կիրառական նշանակությանը, ասաց․ «Պոլիմերների յուրահատկությունն այն է, որ դրանք ձևափոխվելով կարողանում են ստանալ այնպիսի կառուցվածքներ, որոնք օժտված են նպատակային հատկություններով»:

 

 

«PolyChar 28» կոնֆերանսի համանախագահ Լյուբով Մյասնիկովան նշում է, որ գիտնականների համար ավելի հրաշալի բան չի կարող լինել, քան շփվել գիտնականի հետ, ով հեղինակել է արժեքավոր զեկույց: Կարևորելով կոնֆերանսի ընթացքում գիտնականների մասնակցությունը և քննարկվող թեմաների արդիականությունը՝ նա հավելեց. «Գիտնականներին իսկապես անհրաժեշտ է շփվել միմյանց հետ հենց դեմ առ դեմ: Մենք երջանիկ ենք, որ այժմ Երևանի պետական համալսարանում ենք, հնարավորություն ունենք քննարկելու ոլորտի արդիական խնդիրներն ու լուծումներ առաջարկելու»:

 

 

Բացման հանդիսավոր արարողությունից հետո գիտնականները հանդես եկան մասնագիտական զեկուցումներով:

 

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի կազմակերպած քառօրյա կոնֆերանսի ընթացքում զեկուցումներ կներկայացվեն ինչպես առկա ձևաչափով, այնպես էլ առցանց տարբերակով: Երիտասարդ հետազոտողներին հնարավորություն է տրվում իրենց գիտական ուսումնասիրությունները ներկայացնելու լայն հանրությանը և փոխանակելու գիտելիքներ արտերկրի ականավոր գիտնականների հետ:

 

Հայաստանում առաջին անգամ կազմակերպված այս կոնֆերանսին մասնակցում են ԱՄՆ-ի, Ճապոնիայի, ՌԴ-ի, Իտալիայի, Լիտվայի, Մեքսիկայի, Բելոռուսի, Լեհաստանի, Վրաստանի և այլ երկրների հրավիրյալ գիտնականներ:

 

Նշենք, որ «PolyChar 28» կոնֆերանսի փակման հանդիսավոր արարողության ժամանակ տրվելու են մրցանակներ ինչպես պոլիմերների ոլորտում ներդրում ունեցող գիտնականներին, այնպես էլ երիտասարդ գիտնականներին: Մրցանակները որոշվելու են մրցանակային հանձնաժողովի քվեարկությամբ, որի հաղթողները հայտարարվում են փակման արարողության ժամանակ՝ հանձնաժողովի նախագահի կողմից:

Երևանի պետական համալսարանը շարունակում է քայլել ժամանակին համընթաց, ապահովել որակյալ կրթություն և իր կարևորագույն ներդրումն ունենալ կրթության ու գիտության զարգացման գործում։ Ասվածի վկայությունն է «YSU-Krisp AI Lab» գիտակրթական հետազոտական կենտրոնի հիմնումը, որի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

 

ԵՊՀ ռեկտորը շնորհավորեց համալսարանականներին ու գործընկերներին և հույս հայտնեց, որ նորաբաց լաբորատորիան կդառնա ոչ միայն ուսանողների սիրելի վայրերից մեկը, այլև դասախոսների։ Կարևորելով մասնավոր և կրթական հաստատությունների համագործակցությունը՝ Հ․ Հովհաննիսյանը նշեց, որ ողջունելի է «Krisp» ընկերության մուտքը բուհ, և որ կրթությունն ու գիտությունն են նորարարությունների հիմքը:     

     

 

«ԵՊՀ-ն Հայաստանում առաջինն է, որ ստեղծեց արհեստական բանականության լաբորատորիա, և դա պատահական չէ։ Ես կարծում եմ, որ մեր հետևողական աշխատանքի ու ջանքերի շնորհիվ ունենալու ենք բավականին արդյունավետ գործող համակարգ»,- իր խոսքում ասաց Հ․ Հովհաննիսյանը։

 

 

«Krisp»-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը նույնպես կարևորեց բուհ-գործատու համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ ձեռք բերված համագործակցության արդյունքում առաջիկա տարիների ընթացքում Հայաստանում կհիմնադրվեն «Krisp»-ի նման տասնյակ ընկերություններ։

 

 

Ա․ Մինասյանը, խոսելով արհեստական բանականության ոլորտի զարգացմանը և «Krisp»-ի առավել արդյունավետ գործունեությանը միտված իրենց նպատակներից, ասաց, որ դրանց իրագործումը հնարավոր է ԵՊՀ-ի հետ համագործակցության շնորհիվ։ Անդրադառնալով լաբորատորիայի գործնական նշանակությանը՝ Ա․ Մինասյանը նշեց, որ այնտեղ կիրականացվեն գիտական հետազոտություններ․ ուսանողները կպաշտպանեն իրենց մագիստրոսական թեզերը, ասպիրանտները՝ թեկնածուական աշխատանքները։

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ասաց, որ համալսարանականները, արժևորելով ստացած կրթությունը, մշտապես վերադառնում են ԵՊՀ։

 

«Ես վստահ եմ, որ մեր շրջանավարտները կհամալրեն համալսարանի դասախոսական կազմի շարքերը և իրենց տեղը կգտնեն աշխատաշուկայի առաջատար ընկերություններում»,- ասաց Կ․ Թռչունյանը։

 

 

«AI Conf Armenia 2022»-ի նպատակն էր ներկայացնել մեքենայական ուսուցման ինժեներների և գիտնականների գրանցած հաջողությունների օրինակները, ուղղորդել՝ ինչ և ինչպես սովորել՝ ոլորտում արդյունավետ ներգրավվելու համար, ծանոթացնել առկա մասնագիտությունների առանձնահատկություններին և պահանջներին։

 

 

Կոնֆերանսը մեկ տեղում էր հավաքել ոլորտի լավագույն մասնագետների, ովքեր սեփական փորձի հիման վրա ներկայացրին ոլորտի արդիական թեմաների վերաբերյալ զեկուցումներ: Զեկուցումներին հաջորդեցին պանելային քննարկումներ, որոնք ծավալվեցին ներկայացված թեմաների շուրջ:

 

 

«YSU-Krisp AI Lab»-ի բացման արարողությանը և «AI Conf Armenia 2022» խորագրով կոնֆերանսին ներկա էին նաև ԲՈԿ նախագահ, ԵՊՀ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար Կարեն Քեռյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի այլ ներկայացուցիչներ, ոլորտով հետաքրքրված ուսանողներ, երիտասարդ հետազոտողներ և հրավիրյալ այլ անձինք։

 

 

Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանը և «Krisp» ընկերությունը նախորդ տարի կնքել էին «YSU-Krisp AI Lab»-ի ստեղծման հուշագիր։

 

Ջոն Մունիի կարծիքով՝ ԵՊՀ ուսանողները լայնախոհ են, չեն խուսափում լեզուներ սովորելուց, ուստի կորեերենը շատ արագ են ընկալում, և կորեերեն խոսելն ավելի բնական է ստացվում նրանց մոտ։

 

Կորեացի դասախոսը նշեց, որ ուսանողները կորեերենի շնորհիվ առավել լայն աշխարհայացք են ձևավորում։

 

«Այժմ, երբ ԵՊՀ-ն ավելի ու ավելի է զարգանում ու սերտ հարաբերություններ ստեղծում այլ երկրների գիտակրթական կառույցների հետ, ավելի է մեծանում կորեերենի դերը»,- ասաց հրավիրյալ դասախոսը։

 

 

Նա վստահեցրեց՝ Երևանի պետական համալսարանում կրթական պրոցեսը շատ համակարգված է, որի մասին վկայում է նաև այն, որ այստեղ սովորելու հնարավորություն ստացած օտարերկրացիներին կրթական որակը շատ է դուր գալիս։

 

Ջ․ Մունին կարևորեց նաև այն հանգամանքը, որ Հայաստանում կորեերեն սովորող ուսանողները, մեկնելով Կորեա, մեծ դերակատարում են ունենում Հայաստանի, հայոց պատմության ու հայկական ավանդույթների մասին իրազեկման գործում։

 

Նշենք, որ Ջոն Մունին Երևանի պետական համալսարան է գործուղվել «Կորեա հիմնադրամ»-ի կողմից։

Ծրագրի շրջանակում ստեղծվել է ակտիվ համագործակցություն ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի և «NVIDIA» խոր ուսուցման ինստիտուտի հետ։ Կրթական ծրագիրը մշակվել  է ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի «Տվյալների անալիտիկա» մագիստրոսական ծրագրին համապատասխան և գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ:

 

Լավագույն ուսանողները հնարավորություն կունենան նաև 2-րդ կուրսից ուսումը շարունակելու ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանում՝ ստանալով կրկնակի դիպլոմ և անցնելով պրակտիկա Սիլիկոնային հովտի կազմակերպություններում։

 

Լավագույն ուսանողները միևնույն ժամանակ հնարավորություն կունենան ստանալու ֆինանսավորում ՁԻՀ-ի կողմից «PMI Science»-ի աջակցությամբ:

Նշենք, որ մագիստրոսական այս ծրագրի մեկնարկից մինչ այժմ ֆինանսավորում է տրամադրվել 63 ուսանողի։

 

«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրին կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են աշխարհում տեղի ունեցող «տվյալների հեղափոխության» մի մասնիկը դառնալ` տվյալագիտության մեջ տեսական գիտելիքները փոխկապակցելով բիզնեսի պահանջներին, օգտագործելով «Python», «R», «Java» ծրագրավորման լեզուները և տվյալագիտության, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության արդի մեթոդները։

 

Ծրագրին կարող են դիմել ինչպես ԵՊՀ, այնպես էլ մյուս բուհերի բոլոր շրջանավարտները՝ անկախ ավարտելու տարեթվից, միջին որակական գնահատականից և մասնագիտությունից։

 

1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են մինչև հունիսի 25-ը՝ ժամը 18։00-ն, առցանց տարբերակով։

 

Քննությունը կանցկացվի հունիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, «ISTC» կենտրոնում։

 

Դիմել կարող եք https://bit.ly/3tSe970 հղմամբ։

 

Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ https://bit.ly/3HGvo0W հղմամբ։

 

Հեռ․՝ +374 (41) 804 461, +374 (60) 710 668

 

Էլհասցե՝ infodsb.ysu@gmail.com

 

Կայքէջ՝ www.dsb.am  

ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի դոցենտ Աննա Մկրտչյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում այցելել էր Իսպանիայի Մալագայի համալսարան, որտեղ ներկայացրել էր Երևանի պետական համալսարանի անցած ուղին և գիտակրթական գործընթացի կազմակերպումը, այդ թվում՝ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի՝ ժամանակակից կրթական չափորոշիչներին համապատասխան գործունեությունը։ Ծանոթանալով ԵՊՀ-ում կազմակերպվող գիտակրթական գործընթացին՝ Մալագայի համալսարանի պրոֆեսորները ԵՊՀ-ում դասախոսությամբ հանդես գալու ցանկություն էին հայտնել։

 

 

Պրոֆեսորների ուսումնասիրության տիրույթները հիմնականում նյութագիտությունն ու անօրգանական քիմիան են: Ֆարմացիայի ինստիտուտում կազմակերպված հանդիպմանը հրավիրյալ դասախոսները ներկայացրին այդ ոլորտների ընդհանուր եզրերը դեղագիտության և դեղագործության հետ։ Պրոֆեսոր Է․ Ռոդրիգես-Կաստելյոն հանդես եկավ «Մոդիֆիկացված կավե հանքանյութեր և գեոպոլիմերներ» թեմայով դասախոսությամբ, իսկ Մ. Օլգա Գերերո-Պերեսը՝ «Հետազոտության առաջընթացը նանոմանրաթելերի կիրառման գործում» թեմայով դասախոսությամբ:

 

 

ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Սամվել Վարդապետյանը, անդրադառնալով միջազգային համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը նպաստող հանդիպումների, ինչպես նաև տարբեր համալսարանների ուսանողների ու գիտնականների միջև փորձի փոխանակման կարևորությանը, ասաց. «Ֆարմացիայի ինստիտուտը մշտապես համագործակցում է աշխարհի առաջատար բուհերի հետ՝ կազմակերպելով փոխայցելություններ, համատեղ ծրագրեր։ Մեր դասախոսները, մեկնելով արտերկիր, ոչ միայն վերադառնում են նոր փորձառությամբ, այլև նպաստում են այդ փոխայցելություններին։ Ասվածի վառ վկայությունն է այսօրվա հանդիպումը, որի շրջանակում մենք հյուրընկալել ենք Մալագայի համալսարանի հարգարժան պրոֆեսորներին»:

 

 

ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի դոցենտ Ա․ Մկրտչյանի խոսքով՝ տարբեր համալսարաններից հրավիրված դասախոսների հետ պարբերաբար կազմակերպվող դասախոսությունները նպաստում են մասնագիտական գիտելիքների ընդլայնմանը, ընդհանուր խնդիրների բարձրաձայնմանն ու բովանդակային քննարկումներին:

 

 

Տեղեկացնենք նաև, որ Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Նյութագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի 2022-2023 թթ․ ուստարվա ընդունելության գործընթացը: